Վարչապետի հայտարարությունը սենսացիոն էր. Զուրաբյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե Հայաստանում այլևս մենաշնորհներ չեն լինի, և գործարարները կարող են ներկրել այն, ինչ ցանկանում են, սենսացիոն էր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Այս օրերին մեզ շատերը հարցնում են, թե դուք հավատո՞ւմ եք նրանց խոսքին: Հավատալու կամ չհավատալու խնդիր չկա»,-հավելեց Զուրաբյանը` նկատելով, որ այդ հայտարարությունը ստուգելու համար կա մի մի ցուցիչ,-«Եթե նկատենք բենզինի կամ լայն սպառման ապրանքների գների արագ անկում, ապա իմացեք, որ մենաշնորհները վերացան»:
Ընդհանուր առմամբ, ըստ Զուրաբյանի, բյուջեի միջոցների տնտեսման հարցում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունը սխալ տեղի է սկսել:
«Ամենամեծ խնդիրն ապօրինի մենաշնորհն է ու կոռուպցիան, հենց դրանք վերացնելուց պետք է սկսել», -հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը անդրադառնալով հայտարարություններին, թե հեղուկ վառելիքի կամ շաքարավազի ու այլ սննդամթերքի ներմուծման մենաշնորհ կա Հայաստանում, հայտարարել էր. «Յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվելու բիզնեսով, կարող է զբաղվել, ես լինելու եմ հետևողական: Որևէ նախարարության, պատկան մարմնի կողմից չի լինելու առանձնակի մոտեցում, լինելու են հավասար պայմաններ, լինելու հավասար հարկային դաշտ, մենք լինելու ենք հետևողական: Թող բոլորը զբաղվեն գործարարությամբ, որևէ արհեստական խոչընդոտ չի լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր գործարար կարող է զբաղվել բիզնեսով, ես լինելու եմ հետևողական. Վարչապետ
- Կոռուպցիան կախարդական փայտիկով չի վերանա. Հովիկ Աբրահամյան
- Մենաշնորհ չկա. Վարչապետ