Պետք չէ ֆիքսվել 800 հեկտարի վրա. Ռուստամյան
«Շփման գիծը պատերազմական գործողությունների արդյունքում անընդհատ փոխվել է և կարող է փոխվել: Տվյալ պահի վրա պետք չէ ֆիքսվել, այդ գիծը փոփոխվել է մշտապես: Այո, մի քանի դիրքեր վերցվել են, բնակավայր չի վերցվել», -այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատերազմական գործողությունները, ըստ դաշնակցականի, կանգնեցվել են ադրբեջանական կողմի խնդրանքով, և կողմերի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Ինչո՞ւ են գնացել հրադադարի, որովհետև մտածել են, որ այդ շփման գիծը կարող է փոփոխվել և ոչ հօգուտ իրենց, այդ պատճառով իրենք գնացել են կանխարգելող քայլի: Պետք չէ ասել, որ իրենք հաղթել են, հաջողել են: Իրականությունն այն է, որ իրենց բլից-կրիգը ամբողջությամբ ֆիասկոյի է ենթարկվել», -հավելեց Ռուստամյանը:
Դաշնակցական պատգամավորի պնդմամբ, ադրբեջանական կողմը ապրիլի սկզբին բլից-կրիգ հարձակումով ցանկացել է նոր շփման գիծ արձանագրել, բայց չի կարողացել:
Պատերազմը չի ավարտվել, հետևաբար ըստ պատգամավորի, նոր շփման գծի կամ ֆիքսված փոփոխությունների մասին վերջնական խոսելն անիմաստ է:
«Պատերազմը չի ավարտվել, և վաղը նորից այդ շփման գիծը կարող է փոփոխվել: Հայտարարությունների իմաստն այն է, որ ջուր չլցնենք նույն Ադրբեջանի ջրաղացին, թե իբր իրենք եկել են, ստատուս-քվո են փոխել, շփման նոր գիծ է առաջացել: Մենք մինչև հիմա այլ տարածքներ նույնպես վերցրել ենք մեր հսկողության տակ` առանց դրա մասին հայտարարելու: Չեմ ուզում կոնկրետ հատվածներ ասել, բայց ասում եմ այն, ինչն իրականությունն է», -հավելեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը