Ութ ամիս առաջ մթերված խաղողի դիմաց խոստացել են վճարել վաղը
Հայաստանում, կարծես թե, նոր ավանդույթ է ձևավորվում. քանի դեռ չես բողոքել, հարցը, որքան էլ այն օրինական լինի, լուծում չի ստանում… Քանի դեռ չես հասել կառավարություն, ծայրահեղ քայլեր չես կատարել, ձայնդ չեն լսում կամ ուղղակի չլսելու են տալիս… Այն ամենը, ինչ կատարվում է հիմա՝ բերքի դիմաց վճարումն ապահովելու համար, կարող էր ավելի շուտ կատարվել: Մի՞թե պարտադիր պետք է դժգոհություններ ու բողոքներ հնչեն, որպեսզի սայլը տեղից շարժվի:
Արդեն մի քանի ամիս է՝ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները պահանջում են շուրջ ութ ամիս առաջ մթերված խաղողի գումարները: Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց, ճանապարհ են փակել, որից հետո մի շարք խոստումներ են ստացել, որ խնդիրը կլուծվի: Խոստումը, սակայն, չի կատարվել: Երեկ էլ գյուղացիներն ստիպված ծայրահեղ քայլ են կատարել. երեխաներին չեն թույլատրել հաճախել դպրոց՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը իրադարձությունների ընթացքից:
Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քաղցրաշենցի 150-180 ընտանիք դեռևս չի ստացել հանձնած խաղողի բերքի գումարը, և բոլորն էլ սպասողական վիճակում են:
Մեզ հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ երեկ քաղցրաշենցիների հետ միասին հանդիպել են գործարանի սեփականատիրոջ հետ, վերջինս խոստացել է, որ մեկ-երկու օրվա ընթացքում գումարները կվճարի:
«Քաղցրաշենում խաղողի մթերումներն իրականացրած «Վինար» ընկերությունը գյուղացիներին խոստացել է վճարել մթերումների դիմաց: Հիմա ընկերության վարկավորումն ընթացքի մեջ է, և խոստացել է շաբաթ օրը վճարումները կատարել: Ես բանկից էլ տեղեկություն ունեմ, որ վարկի տրամադրումն ընթացքի մեջ է, այսինքն՝ մեկ-երկու օրվա խնդիր է: Նախկինում գործարանը գրավի խնդիր ուներ, որի պատճառով չէր կարողանում վարկ ստանալ: Հիմա այդ խնդիրը լուծվել է»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ, 2015 թ.-ին մթերվել է 31,5 մլրդ դրամի խաղող, որից 29,5-ը վճարվել է, մնացել է 2 մլրդ դրամի չափով գումար: «Ընկերությունները գրաֆիկ են կազմել և մասնակի վճարում են»,- ասաց նա:
Տեղեկությունը, որ գյուղացիներին խոստացել են վճարել մթերված խաղողի դիմաց, հաստատեց նաև Քաղցրաշենի դպրոցի տնօրեն Թադևոս Աբրահամյանը: «Երեխաներն այսօր նորմալ հաճախել են դպրոց, քանի որ երեկ գյուղացիները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, և վերջիններս խոստացել են, որ վաղը գումարները կվճարեն»,- ասաց Թադևոս Աբրահամյանը:
Նշենք, որ Քաղցրաշենի դպրոցում սովորում է 365 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան