Իրանը նավթի արտահանման ծավալով ռեկորդ է սահմանել
«Իրանը նավթի արտահանման ծավալով ռեկորդ է սահմանել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանը 2012թ. ապրիլի համեմատ նավթի արտահանման ծավալով ռեկորդ է սահմանել, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 60 տոկոսով ավելացրել է նավթի արտահանման ծավալները: Ինչպես ցույց են տալիս նավթի արտահանման արդյունքները՝ Իրանն աստիճանաբար վերականգնում է մինչև պատժամիջոցները գրանցած արդյունքները:
Իրանական «Փարսթուդեյ.քոմ» կայքի հաղորդմամբ՝ նախօրեին Լոնդոնում կազմակերպված «Իրանի վերամիավորումը համաշխարհային ֆինանսական համայնքին» խորագրով համաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ պատժամիջոցների պատճառով Իրանի նավթի արտահանման ծավալները կրճատվեցին, սակայն դրանք Իրանին հնարավորություն տվեցին տնտեսությունը դարձնել բազմավեկտոր և կարգավորել ապրանքի պակասի հետ կապված խնդիրները:
Փորձագետներն այդ համաժողովում հայտարարել են, որ Իրանի տնտեսական աճը մեծ մասամբ կապված է եղել անմշակ նավթից կախվածությունը կրճատելու ուղղությամբ ԻԻՀ կառավարության մշակած քաղաքականության հետ:
Նշենք, որ Իրանի այս տարվա բյուջեում 1 բարել նավթի գինը հաստատվել է 40 ԱՄՆ դոլար, օրական նախատեսվում է արտահանել 2 միլիոն 250 հազար բարել նավթ: Նավթից ստացված եկամուտն օրական կկազմի 96 հազար միլիարդ թուման: