ԲՈՒՀ-երի վարկանիշավորման հարցերը՝ Աղվերանում
«Արդեն երրորդ տարին է, որ Հայստանում տեղի է ունենում ինչպես հանրակրթական, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորում, և ամեն անգամ, երբ մենք հրապարակում ենք վարկանիշավորման արդյունքները, բուհերի մոտ հարցեր են առաջանում, թե ինչ մեթոդաբանությամբ, սկզբունքներով ու չափանիշներով է կատարվում այդ գործընթացը, թեև, պետք է նշեմ, որ այդ մեթոդաբանությունը մեր կայքում կա: Ուստի, հաշվի առնելով անցած տարիների կուտակված փորձը ՝որոշեցինք այս տարի այսպիսի մեծ հավաք ազմակերպել բուհերի ներկայացուցչիների մասնակցությամբ, որի ընթացքում բոլոր կողմերը հնարավորություն կունենան ազատ արտահայտել իրենց մոտեցումները, առաջարկությունները:
Մեր նպատակը արդյունքում լավ մեթոդաբանություն ու վարկանիշավորման վստահելի համակարգ ունենալն է: Քննարկման հրավեր ուղարկվել է բոլոր պետական ու մասնավոր, անգամ միջպետական համաձայնագրերի հիման վրա գործող բուհերի ներկայացուցիչներին, և խնդրել ենք, որպեսզի բուհերը ներկայանան ոչ թե ղեկավար անձնակազմի մակարդակով, այլ ի դեմս այն մարդկանց, ովքեր բուհերում կոնկրետ զբաղվում են վարկանիշավորման հարցաթերթի լրացմամբ, տվյալների ներկայացմամբ, այսինքն այն մարդիկ, ովքեր առավելագույնս տեղյակ են խնդրի էությանը և կարող են առավել արդյունավետ առաջարկներով հանդես գալ: Քննարկման վերջում նրանք ներկայացնեն իրենց աշխատանքային խմբերի կողմից մշակված առաջարկությունները, որոնց հիման վրա մենք կփորձենք փոփոխության ենթարկել վարկանիշավորման մեթոդաբանությունն ու կատարելագործել այն ՝վերջում ներկայացնելով Կրթության նախարարի հաստատմանը:
Բուհերի վարկանիշավորումը տեղի է ունենում ամեն տարի մեկ անգամ: Պետք է նշեմ նաև, որ նախորդ տարի մենք փորձեցինք իրականացնել մեկ միասնական ցանկով վարկանիշավորում, որը ենթադրում է, որ բուհերը ոչ թե բաժանվում են առանձի խմբերի, այլ մեկ միասնական ցանկով վարկանիշավորվում են: Այսինքն մենք փորձեցինք վերցնել միայն հաշվարկային այն միավոները, որոնք ընդհանուր են բոլոր բուհերի համար ՝անկախ այն հանգամանքից ՝ դրանք մասնավոր են, պետական, թե գործում են միջպետական համաձայնագրերի հիման վրա»,- բուհերի վարկանիշավորման մեթոդաբանության և չափորոշիչների բարեփոխմանն ուղղված աշխատանքային քննարկմանը ասաց միջոցառման կազմակերպիչ Գիտական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:
Panorama.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք վարկանիշավորման գործընթացին բուհերի մասնակցությունը պարտադիր թե կամավոր սկզբունքով է իրականացվում, Արտակ Պողոսյանը նշեց, որ պարտադրանք չկա. «Մենք հայտարարել ենք, որ իրականացնում ենք բուհերի վարկանիշավորում, նախարարի հրամանով դա հաստատվել է, և որպես այդպիսին ՝ բուհերը չեն ընդդիմացել: Իհարկե եղել են որոշ մասնավոր բուհեր, (անունները չեմ հնչեցնի) որոնք հրաժարվել են մասնակցել վարկանիշավորման գործընթացին, մենք էլ համարել են, որ դա բուհի ինքնավարության հարցն է»,-հավելեց ԿՏԱԿ-ի տնօրենը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Եվրասիա միջազգային համալսարանի կարիրայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը դրական գնահատեց բուհերի վարկանիշավորման վերաբերյալ կազմակերպված հանդիպման այդ ձևաչափը, և անդրադառնալով կոնկրետ իր աշխատանքային խմբին ՝ նշեց, թե շատ գոհ է քննարկումներից, քանի որ մասնակիցները բավականին լիբերալ հայացքներ ունեն խնդրի շուրջ ՝անկախ նրանից ՝պետական բուհեր են ներկայացնում, թե մասնավոր:
Մեր թղթակցի հարցին, թե արդյոք հնարավոր կամ արդյունավետ է մասնավոր և խոշոր պետական բուհերին վարկանիշավորել միևնույն հիմքով և նույն հարթության վրա, Եվրասիա համալսարանի Կարիերայի բաժնի պատասխանատուն պատասխանեց. «Պետք է ասեմ, որ բավականին վիճահարույց խնդիր է ՝ խոշոր բուհերն ու մասնավոր բուհերը բերել նույն հարթության վրա և դասակարգել: Այն բանաձևերը, որոնց միջոցով կատարվում է վարկանիշավորումը, ըստ էության բուհերին արհեստականորեն բերում են նույն հարթության վրա, բայց թե դա որքանով է արդյունավետ կամ որքանով է իրեն արդարացնում, ցավոք սրտի չեմ կարող ասել: Շատ լավ կլինի, որ յուրաքանչյուր բուհի նկատմամբ ցուցաբերվի նաև անհատական մոտեցում, քանի որ բազմադարյա փորձը բերել ու համեմատելը նորաստեղծ, երիտասարդ բուհերի հետ, երկուսին դիտարկել նույն հարթության մեջ, կարծում եմ ՝ արդարացի չի և թյուրիմացությունների է հանգեցնում»:
Աշխատանքային քննարկման վերջում խմբերը հանդես եկան առաջարկություններով, որոնք վերաբերում էին վարկանիշավորման մի շարք չափորոշիչների նպատակահարմարությանը, դրանց կիրառությանն ու ձևակերպումներին:
Քննարկման մասնակիցները վերջում կարծիք հայտնեցին, որ աշխատանքային այդ ձևաչափը շատ արդյունավետ էր ու էական նշանակություն ունեցավ վարկանիշավորման գործընթացի բարելավման և դրա նկատմամբ վստահության բարձրացման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները