Դավիթ Բաբայանը` Չիլիի խորհրդարանի ընդունած բանաձևի մասին
Չիլին աշխարհին կարևոր մեսիջ ուղարկեց: Այստեղ որևէ սուբյեկտիվ կանխակալ մոտեցումներ չկան, նրանք օբյեկտիվորեն դիտարկել են, իրականությունը և ընդունել են շատ կարևոր բանաձև,- «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Չիլիի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտող բանաձևի ընդունմանը, նշել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Դիտարկմանը, թե Չիլիի խորհրդարանի բանաձևը հատկապես կարևոր էր նրանով, որ այն հասցեական էր, իսկ բանաձևում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես քաղաքական սուբյեկտ է դիտարկվում, այլ ոչ թե վիճելի տարածք, Բաբայանը համաձայնեց, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է:
«Իհարկե միջազգային ճանաչման համար կարևոր է որ լինի պաշտոնական իրավական ճանաչում, սակայն կարևոր է նաև այն, որ նման ժեստերը նույնպես ճանաչում են նշանակում: Ճանաչվում և արժևորվում է մեր պետականաշինության գործընթացը, ժողովրդավարական պետություն կառուցելու ջանքերը, Արցախը ճանաչելի է դարձնում որպես նորմալ պետություն, որը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում»,- ասաց խոսնակը
Նա հավելեց, որ Ադրբեջանը իր ապակառուցողական քաղաքականությամբ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ֆաշիզմը դեռևս չի վերացել աշխարհից, որ այդ ահաբեկչական գաղափարախոսությունները, որ պետական մակարդակով են ներկայացվում, վտագ է ներկայացնում բոլորին, այդ թվում հազարավոր կլիոմետր հեռու գտնվող Չիլիի համար:
Հիշեցնենք, որ Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին պատմական բանաձև է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
«Ինչքան շատ լինեն նման բովանդակությամբ բանաձևերն ու հայտարարությունները, հատկապես տարբեր պետությունների կողմից, այնքան ավելի լավ»- նշեց Բաբայանը:
Բանաձևում մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ:
Վերոնշյալ ագրեսիան 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է:
Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որը հանգեցրել է քաղաքացիական և զինվորական մեծ կորուստների, Պատգամավորների պալատը դատապարտում է այս ագրեսիան, կոչ անում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Միջազգային հանրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում են, որ հակամարտությունը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակվում է, պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով:
Կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը:
Կոչ է անում Չիլիի կառավարությանը կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»: