Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Սոչիում
Այսօր Երևանում տեղի է ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը կարևորել է պարբերական հանդիպումների անցկացումը՝ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման և իրենց առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել միության իրավապայմանագրային բազայի ամրապնդումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ամբողջական ապահովումը և դեռևս առկա արգելքների ու սահմանափակումների վերացումը, տնտեսության առաջնային ոլորտներում միասնական շուկաների ձևավորումը: Ռուսաստանի վարչապետը կարևորել է նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի արագ ընդունումը՝ գործարար հանրության համար ապահովելով հասկանալի, կանխատեսելի և նպաստավոր օրենսդրական դաշտ:
Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել նաև առևտրատնտեսական կապերի զարգացումը հիմնական գործընկերների հետ, այդ թվում՝ Չինաստանի, Վիետնամի և Հարավարևելյան Ասիայի այլ պետությունների հետ:
Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովն էլ նշել է, որ Ղազախստանն առաջարկել է 2016 թվականը հայտարարել առանցքային՝ երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայման ուղղությամբ:
Նա կարևորել է ԵԱՏՄ երկրների ազատ առևտրի իրականացումն այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը, Եգիպտոսը, Իրանը և այլն: Ըստ Մասիմովի, ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես բաց տնտեսական ընկերակցություն և պետք է շեշտը դնել տեխնոլոգիական զարգացման և ներդրումների գրավչության վրա:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն իր ելույթում առաջնային է համարել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը և կարևորել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի ընդունումը:
Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի խոսքով՝ Ղրղզստանի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության նպատակային և հետևողական աշխատանքը հանդիսանում է առաջանային ուղղություն: Նա նշել է, որ իր երկիրը նպատակադրված է ակտիվորեն իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման համար, համատեղ փոխգործակցությամբ գտնել նոր ուղղություններ՝ ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մրցակցունակության և հնարավորությունների բարձրացման համար:
Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգին, կոորդինացված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության դրույթների կիրառմանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերին, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխանցման և բաշխման հաշվետվությանը, ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրի նախապատրաստման ժամկետներին և այլն:
Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Ստորագրվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ փաստաթուղթ:
Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի 12-ին Սոչիում:
Նիստից հետո ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ՀՀ-ում արտադրված և ներմուծված ապրանքների վրա դրոշմապիտակների էլեկտրոնային կառավարման համակարգը: