Առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը. Վարչապետ
«ԵԱՏՄ շրջանակում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության մեխանիզմներ: Այս ուղղությամբ համաձայնեցված աշխատանքը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,-նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է միջազգային և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնումը, ԵԱՏՄ-ի ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձին երկրների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ԵԱՏՄ-ի զարգացման մակարդակը: Այդ համատեքստում, ՀՀ կառավարության ղեկավարն այսօրվա օրակարգի առանցքային կետերից առանձնացրել է Չինաստանի հետ համագործակցության հարցը:
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի՝ Չինաստանի հետ փոխգործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել լոգիստիկ հնարավորությունները: Այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանը կարևորել է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով:
Վարչապետի խոսքով՝ ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ նախագիծը:
Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Այս համատեքստում, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը:
«Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ-ում փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- նշել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է
- Մեդվեդև. Կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությունները խթանելու համար
- Սերգեյ Լավրով. ՌԴ-ն չի հակադրում ԵԱՏՄ-ն և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը
- Հայաստանը կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերություններում. Վաչե Գաբրիելյան