ՀՀ նախագահ. Հուսով եմ, որ համանախագահող երկրների ԱԳ նախարարները կիրականացնեն համատեղ որոշումները
«Մենք Ռուսաստանում, այնուամենայնիվ, շատ լարված հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»,- այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ է վերադարձել Վիեննայից, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ քննարկվել է ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ուղիները:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ: Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ վարչապետ Մեդվեդևը կարևոր է համարել հրադադարի ռեժիմի պահպանումը:
«Կարևոր է, որ ձեռքբերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի Նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում ջանքերը, որոնք նախաձեռնվում են երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ. և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու: Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»,-ասել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: