Կառավարությունը շարունակելու է աջակցել ձեռնարկատերերին՝ իրենց ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում. Արցախի վարչապետ
Առանց բանկային համակարգի զարգացման անհնար է զարգացած տնտեսություն ունենալ: Նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ մայիսի 20-ին Շուշում ընդունելով ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարներին: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպմանը քննարկել է Արցախում բանկային համակարգի հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր:
«Ուրախալի է արձանագրել, որ մեր բոլոր արդեն կայացած ձեռնարկությունները հիմնադրվել և զարգացել են բանկային կապիտալի ներգրավման շնորհիվ: Կարծում եմ՝ կառավարության և բանկերի միջև անցած տարիների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը խոստումնալից ապագա ունի, և նման հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս կառուցողական մթնոլորտում միասին քննարկելու ընթացիկ և ապագա ծրագրերը: Կառավարությունը շարունակելու է անհրաժեշտ դեպքերում հնարավորինս աջակից լինել ձեռնարկատերերին իրենց ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում: Այդ ճանապարհով կկարողանանք արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը՝ երաշխավորելով պետության սոցիալ-տնտեսական ու անվտանգային հիմքերի ամրությունը»,- ասել է վարչապետը և հավելել, որ Արցախում գործող բանկերի մասնաճյուղերը զգալիորեն զարգացրել են սպասարկման ծառայությունները:
Հանդիպմանը մասնակից՝ բանկերի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի տնտեսության զարգացման ծրագրերում: Ըստ ՀՀ բանկերի ներկայացուցիչների՝ Արցախում ֆինանսական ռիսկերը բավարար են նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու և վարկավորման նոր փաթեթներ առաջարկելու համար: