The Economist. Երբ նավթի գները անկում ապրեցին և երաժշտությունը Ադրբեջանում դադարեց
«Բաքվում տաքսու վարորդները հիմա բողոքում են աճող գներից և Ֆորմուլա 1-ի մեծ ավտոարշավի վրա գումարները վատնելուց: Ադրբեջանը ստիպված էր ազգային արժույթը երկու անգամ արժեզրկել անցյալ տարի, երբ Կենտրոնական բանկը արդեն սպառել էր մոտ $10մլրդ իր արտարժութային պահուստներից՝ մանաթը փրկելու համար: Որոշ վերլուծաբանների գնահատականներով, բանկերը այժմ գտնվում են մոտ $2մլրդ հասնող չվճարված պարտավորությունների բեռի տակ:»
Այս մասին գրում է բրիտանական The Economist պարբերականը Ադրբեջանում հունիսի 17-19-ին Ֆորմուլա 1-ի եվրոպական գավաթի առաջնության անցկացման կապակցությամբ հրապարակված վերլուծական հոդվածում:
Ընդգծելով, որ Ֆորմուլա 1-ի եվրոպական գավաթի առաջնությունը Ադրբեջանի «հերթական ցուցամոլ նախագծերից է», պարբերականը շարունակում է. «Ադրբեջանի տնտեսությանը մեծ հարված է հասցրել նաև հարևան Ռուսաստանում տնտեսական անկումը: Ընթացիկ տարվա առաջին քառորդում երկրի տնտեսության ծավալները կրճատվել են 3.5%-ով անցյալ տարվա համեմատ: Գնաճը երկնիշ թվերով է արտահայտվում: Հացի գների բարձրացումը պատճառ է դարձել որոշ շրջաններում ընդվզումների, որոնք արագորեն ճնշվել են կանխիկ գումարներ մարդկանց բաժանելու և ոստիկանական մահակների միաժամանակյա օգնությամբ»:
Արևմտյան երկրների մեկի անանուն դիվանագետը ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ «դատարկ հռետորաբանությամբ» խոսում էր ռեֆորմների մասին, բայց այժմ ժամանակն է իրական քայլեր անելու:
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, «Ադրբեջանում չկա ռեֆորմների գնալու ունակ բյուրոկրատիա», քանի որ, ինչպես ասել է Իլհամ Ալիևի աշխատակազմում տնտեսական բարեփոխումների հարցերով նախագահի օգնական Նատիկ Ամիրովը, «այդ բառը միայն արդեն վախեցնում է պետական սեկտորի աշխատակիցներին»:
Առկա խնդիրները, ըստ պարբերականի, Ադրբեջանը փորձում է լուծել նոր կադրեր պատրաստելու միջոցով, ընդ որում շեշտը դրվում է արևմտյան կրթություն ստացած երիտասարդների վրա: Economist-ը հիշեցնում է նաև, որ ստեղծվել նաև կրթական հնարավորություններ, ինչպես օրինակ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան, որը ղեկավարում է առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի քեռին՝ Հաֆիզ Փաշաևը, ով նախկինում Ադրբեջանի դեսպանն էր Վաշինգտոնում:
Սակայն հաջողության հասնելու հնարավորությունները, մասնավորապես Մալայզիայի օրինակով ավտորիտար քաղաքական համակարգի պահպանմամբ տնտեսական բարեփոխումների իրականացման առումով, ըստ Economist-ի, սահմանափակ են, հաշվի առնելով կլանային ավտորիտար կառավարման համակարգը, կոռուպցիան և այլ համակարգային խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան