Սիրիահայ Տեմիրճեանները շոկոլադի բիզնեսը Սիրիայից տեղափոխել են Հայաստան
Սիրիահայ Սոսի Տեմիրճեանը Հայաստան է եկել 2012 թվականին: Սիրիայում 15 տարի զբաղվել է շոկոլադի արտադրությամբ, պատերազմի թեժ օրերին տեղափոխվել են Հայաստան և նույն գործը շարունակում են այստեղ:
Հասկանում է՝ նոր երկիր է, նոր միջավայր, և դժվարություններ եղել են. «Ամեն մարդ խնդիր կունենա, որովհետև նոր երկիր, նոր օրենքներ, նոր գործ, զրոյեն կսկսենք նոր բան ձեռնարկել: Անշուշտ շատ դժվարություններ կան»:
Ցույց տալով ցուցահանդեսում ներկայացված տարատեսակ շոկոլադով լի սեղանը՝ տիկին Սոսին ասում է, որ դա իրենց բիզնեսն է եղել և Հայաստանում էլ չցանկացան այլ գործով զբաղվել:
«Մեր գիտցած գործն է, սկսանք աշխատել: Կամաց-կամաց կբարելավվի: «Վիվալդի չոքլեթ», «Հարի Չոքլեթ» և նոր տեսականին, որը դեռ նոր ենք արտադրում, կոչվում է՝ «Քինգ Ջորջ»»,- Panorama.am-ին ներկայացնում է տիկին Սոսին:
Պատրաստում է նաև տարոսիկներ, ամեն տեսակի տոնակատարության համար՝ պսակադրության, կնունքի, ծնունդի, ատամհատիկի:
Շոկոլադները տիկին Սոսին պատրաստում է ամուսնու հետ:
«Ունենք արտադրամաս, աշխատում ենք: Շատ պուճուրից սկսանք, կամաց-կամաց հույսով, որ կլավանա: Հիմա Փեթակում վաճառում ենք մեր բոլոր կոնֆետները», -ասում է Սոսի Տեմիրճեանը:
Տեմիրճեաններն ընդունում են նաև պատվերներ:
Այստեղ ապրում են ընտանիքով՝ տիկին Սոսին է, ամուսինը և երկու չափահաս որդիները:
«Սիրիայում թողել ենք ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, եկանք ու չկարողացանք վերադառնալ, արդեն չորս տարի է», -ասում է գործարար կինը:
Հնարավոր վերադառնալու մասին հարցը տիկին Սոսին կիսատ է թողնում ու անմիջապես պատասխանում է. «Չէ, չէ, չեմ կարծեր, որ կգնանք այլևս, վարժվեցանք, սիրում ենք այստեղ: Շատ տարբեր է՝ իր հայրենիքի մեջ ապրի, քան թե ուրիշ երկրում: Կամաց-կամաց հուսով ենք այստեղ ավելի վարժվել ու լավանալ»:
Հարակից հրապարակումներ`
- «AVA Shoes». Սիրիահայերի բիզնեսը Հայաստանում
- Նեղացանք, երբ տեսանք Հայաստանում թուրքական հագուստ են հագնում. Սիրիահայ երիտասարդը՝ իր բիզնեսի մասին