Հայաստանը և Միացյալ Նահանգները խոսում են նույն լեզվով, Ադրբեջանը՝ անհասկանալի է
Մայիսի 20-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իրար հաջորդող հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես սովորաբար Լեռնային Ղարաբաղի հետ կապված հաղորդագրություններում, այս անգամ ևս Հայաստանի և Միացյալ Նահանգների տեսակետերը բանակցությունների (հեռախոսազրույցի) բովանդակության հետ կապված համընկնում են, մինչդեռ Ադրբեջանը առաջարկում է տրամաբանորեն և տրամագծորեն տարբերվող ընկալում:
Սպիտակ տան մամլո ծառայությունը մեկ ընդհանուր հաղորդագրությամբ է անդրադարձել երկու հեռախոսազրույցներին:
Տարածված հաղորդագրության տեքստում համառոտ և հասկանալի կերպով ընդգծվում է, որ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի «առաջնորդները համաձայնել են գործող ԵԱՀԿ առաքելությունը ընդլայնելու իրենց խոստումը արագորեն իրականացնելու կարևորության և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմը վերջնական տեսքի բերելու հարցերում»:
Նշվում է նաև, որ Բայդենը կոչ է արել երկու երկրների ղեկավարներին «շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը» և կարևորել է հունիսին սպասվող հանդիպումը, որպես համապարփակ կարգավորման հասնելու բանակցությունների սկիզբ:
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության ներկայացմամբ, հեռախոսազրույցը վերաբերել է Վաշինգտոնում անցկացված Միջուկային անվտանգության համաժողովի ընթացքում Բայդեն-Ալիև հանդիպմանը քննարկված հարցերին և այդ քննարկումների վերաբերյալ Ալիևի հուշերին, ինչպես նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագային: Լեռնային Ղարաբաղին առնչվող մեկ նախադասության մեջ նշվում է, որ Ալիևը նշել է միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ կարգավորում գտնելու կարևորության մասին:
Մայիսի 20-ին կայացած հեռախոսազրույցից քիչ անց, ուշ երեկոյան Հայաստանի նախագահի մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել են «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրները»:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ կողմերը երկուստեք կարևորել են Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների «լիարժեք և արդյունավետ» իրականացումը:
«Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակներում», - կարդում ենք հաղորդագրության եզրափակիչ մասում:
Եթե ևս մեկ անգամ մեջբերենք ԱՄՆ փոխնախագահի գրասենյակի հաղորդագրությունից, ամերիկյան կողմը հարկ է համարել ընդգծել, թերևս հատկապես Ադրբեջանի ղեկավարի և նրա հասարակության համար, որ Վիեննայում կողմերը «համաձայնել են գործող ԵԱՀԿ առաքելությունը ընդլայնելու իրենց խոստումը արագորեն իրականացնելու կարևորության և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմը վերջնական տեսքի բերելու հարցերում»:
Հիշեցնենք, որ Վիեննայի հանդիպումից օրեր անց Ալիևի աշխատակազմից Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ հանդիպման արդյունքում որևէ պայմանավորվածություն չի եղել ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմների կամ Անջեյ Կասպշիկի մանդատի փոփոխության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տարածած հաղորդագրությունը, ինչը անուղղակի մեջբերում է ԱՄՆ փոխնախագահ Բայդենը, բոլորովին այլ բան էր ասում, քան այժմ հայտարարում է Ալիևը:
Ինչպես տեսնում ենք, միջազգային միջնորդները և Հայաստանը խոսում են նույն լեզվով և կարևորում են հիմնախնդրի բանակցային կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի և սկզբունքների վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը ապրում է և սեփական հասարակությանը ստիպում է ապրել մեկ այլ, զուգահեռ իրականության մեջ, որտեղ բռնաճնշումները, ընդդիմադիրների բանտարկությունները և քաղաքական դրդապատճառներով հետապնդումները փորձ է արվում ստվերել Ֆորմուլա-1 ավտոմրցաշարի, բրիտանական The Economist-ի բնորոշմամբ, «հերթական ցուցամոլ նախագծով» և սեփական հասարակությանը դատարկ ազգայնամոլության քարոզելով:
Սակայն պետք չէ նաև մոռանալ, որ արաբական որոշ երկրներում նման քաղաքականություն վարող և ավելի մեծ հեղինակություն վայելող առաջնորդները ստիպված կամ պարտադրված եղան հեռանալ իշխանությունից՝ սոցիալական ճնշման պատճառով, քանի որ իրականությունը արդի աշխարհում ժողովրդից երկար ժամանակ թաքցնելը անհնար է:
Ասատուր Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան