Գորգագործական աշխատանքների ցուցանմուշները հետաքրքրական են զբոսաշրջիկների համար. Գեղարքունիքում բացօթյա ցուցադրություն է
Մոտ 7 տասնամյակների ընթացքում Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում հավաքագրվել ու գրանցվել են ավելի քան 10 հազար թանգարանային և պատմամշակութային ժառանգության ցուցանմուշներ, որոնցից միայն 1000-ն են ներկայացված մշտական ցուցադրության:
Մարզապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ դրանք ներկայացնում են մարզի պատմությունը` Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մինչև մեր օրեր: Թանգարանի պահոցներում խնամքով պահպանված մնացած նմուշները ցուցադրության են ներկայացվում ժամանակ առ ժամանակ: Թանգարանի 6 սրահներում ցուցադրվող նմուշները դասակարգված են հնագիտական, ազգային-ազատագրական, նորագույն պատմության և դրամագիտության բաժինների:
Այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Նոր Բայազետի ժամանակագրական տվյալների, քաղաքի հիմնադիրների, բարերարների մասին պատմող նյութերի, տարածաշրջանին բնորոշ ժողովրդական տան և քաղաքատիպ ապրող մարդկանց կենցաղային պայմանների և այլ ցուցանմուշների հանդեպ: Տարիներ շարունակ թանգարանը հարստացվել է նաև Հայոց ցեղասպանության ժամանակահատվածը ներկայացնող նյութերով:
«Ցավոք, հարստանում է նաև Արցախյան ազատամարտը ներկայացնող բաժինը: Թանգարանում ցուցադրվող որոշ գյուղատնտեսական և կենցաղային իրեր վկայում են տարբեր ժամանակներում հայ շինականի զբաղվածության մասին: Տարածաշրջանի կանանց բնորոշ գորգագործական աշխատանքների ցուցանմուշները հետաքրքրական են նաև արտասահմանյան երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար»,-նշում են մարզպետարանից:
Այստեղ էլ ցուցանմուշների քանակը տարեցտարի ավելանում է նաև բազմապիսի նվիրատվությունների շնորհիվ: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը տարեկան ունենում է 250-300 այցելու: Նրանց թիվը կրկնապատկվում է հատկապես հիշարժան օրերին և այստեղ հաճախակի կազմակերպվող միջոցառումների ընթացքում:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի կողմից կազմակերպվել է բացօթյա ցուցադրություն: Այն կեզրափակվի մայիսի 21-ին` թանգարանային գիշերներով:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում