Օրյոլ քաղաքում մարշալ Բաղրամյանի արձանն է բացվել
ՌԴ Օրյոլ քաղաքի Տանկիստների հրապարակում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը: Այս մասին գրում է newsorel.ru կայքը: Բրոնզե արձանը երեք մետր բարձրություն ունի:
Միջոցառմանը հարյուրավոր մարդիկ են մասնակցել: Քանդակագործ Ալեքսանդր Ռիվկինը հուշարձանի վրա 4 ամիս է աշխատել, մինչև այդ ուսումնասիրել է արխիվային փաստաթղթեր ու լուսանկարներ: Ճարտարապետն է Վահագն Վերմիշյանը: Հուշարձանը տեղադրվել է բարերար Եղիա Ասատրյանի միջոցներով: Նախնական գնահատականով, արձանն արժեցել է 10 միլիոն ռուբլի:
Պաշտոնատար անձինք ողջույնի խոսքերում նշել են, որ այս իրադարձությունը կարևոր է իրենց քաղաքի համար, որ իրենց քաղաքացիները չպետք է մոռանան իրենց հերոսներին:
Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին Հովհաննես Բաղրամյանը (1897 - 1982 թթ.) նշանակվել է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացել է խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվել է մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Նա առաջ է քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցել 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքել հասել են Բալթիկ ծով և շրջապատել 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։
Տեսանյութը և լուսանկարները՝ newsorel.ru կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան