Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու ծրագիրը դադարեցվում է
Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու ծրագիրը դադարեցվում է, տեխնիկան դուրս է բերվում Ազատ գետից: Սրա մասին Գառնի համայնքի բնակիչներին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ Գառնի համայնքի բնակիչներն այսօր ևս բողոքի ակցիա էին կազմակերպել և փակել Գառնի-Երևան ավտոճանապարհը: Նրանք շարունակում էին պահանջել չեղյալ համարել Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու, ինչպես նաև Գեղարդալճի ծրագրերը, ինչպես նաև ծանր տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից: Գուղացիները պահանջում էին անձամբ վարչապետը ներկայանա ու պատասխանի իրենց հարցերին: Այսօր վարչապետը ակցիայի վայր եկավ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ:
Բնակիչների պահանջը լսելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու ծրագիրը դադարեցվում է, իսկ Գեղարդալճի ծրագիրը պետք է քննարկեն:
«Եկեք վարչապետի շնորհակալություն հայտնենք, որ ծրագիրը հեչ է լինում: Մեր պահանջը կատարվել է»,- ասաց բնակիչներից մեկը:
Բնակչուհիներից մեկն էլ արձագանքեց. «Ոչ, շնորհակալություն չենք հայտնի: Ժողովուրդն իր արդարացի պահանջն է ներկայացրել»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի հարցին, թե բոլոր գառնեցիներն են այդպես մտածում, պատասխանեցին. «Ամբողջ հասարակությունը»
- Գառնեցիներն անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել