Վարչապետի հարցին, թե բոլոր գառնեցիներն են այդպես մտածում, պատասխանեցին. «Ամբողջ հասարակությունը»
Գառնի համայնքի բնակիչներն այսօր ևս բողոքի ակցիա են կազմակերպել և փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը: Նրանք շարունակում են պահանջել չեղյալ համարել Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու, ինչպես նաև Գեղարդալճի ծրագրերը, ինչպես նաև ծանր տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից:
Գյուղացիները պահանջում էին անձամբ վարչապետը ներկայանա ու պատասխանի իրենց հարցերին:
Քիչ առաջ բողոքի ակցիայի վայր եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ:
Վարչապետի հարցին, թե չեն կարող ճանապարհը բացել, հետո նոր խոսել, գառնեցիները մերժեցին՝ ասելով, որ իրենք արդեն քանի օր է ներկայացրել են իրենց պահանջները և հիմա սպասում են վարչապետի պատասխանին:
«Բոլոր գառնեցիների պահանջն է չեղարկել Գեղարդալճի, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրերը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից»,- ասացին գյուղացիները՝ հավելելով, որ եթե իրենց պահանջը չկատարեն, ապա դա կբերի էկոլոգիական աղետի:
Այնուհետև գառնեցիները սկսեցին վանկարել՝ «չեղարկում», «չեղարկում»:
Ըստ նրանց՝ երկու տարի է հանդես են գալիս առաջարկություններով, մասնավորապես, այլընտրանքային էներգիայի տարբերակներ կիրառեն, սակայն իրենց առաջարկներն այդպես էլ չեն ընդունվում:
Գյուղացիներից մեկն ասաց՝ եթե իրենք տեսնեին, որ ծրագիրն անթերի է, ապա որևէ մեկը բողոք չէր ներկայացնի: Մարդիկ, ըստ նրա, համոզված են, որ նախագծային աշխատանքների մեջ թյուրիմացություն կա, և հիմա պահանջներ են ներկայացնում:
«Գառնեցին երբեք ճանապարհ չի փակի, բայց մենք վստահ ենք՝ եթե այդ ջրեր վերցնեն, ապա Ազատ գետը կչորանա: Հիմա պահանջում ենք տեխնիկան հետ բերել, մեր կարծիքը որևէ մեկը չի հարցրել, դրա համար ժողովուրդը այսպես բորբոքված վիճակում է»,- ասաց գյուղացիներից մեկը:
Վարչապետի հարցին, թե բոլոր գառնեցիներն են այդպես մտածում, պատասխանեցին. «Ամբողջ հասարակությունը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան