Սահմանամերձ Բաղանիսում զարկ է տրվում մեղվապահության զարգացմանը
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի մեղվապահության զարգացման ծրագիրն արդեն իրականություն է. 18 ընտանիքի բաժանվել է 4-ական մեղվափեթակ: Panorama.am-ի հետ զրույցում Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ ծրագիրն իրականացվել է «Սահման» հասարակական կազմակերպության և «One Armenia» -ի աջակցությամբ:
««One Armenia» -ն դրամահավաք է կազմակերպել, իսկ «Սահման» ՀԿ-ն իրականացրել է կազմակերպչական աշխատանքները: Նախապես գյուղում հայտարարվեց, որ նման ծրագիր է իրականացվելու: Ստացանք 66 դիմում: Նախապես կազմակերպիչը որոշել էր, որ 18 ընտանիքի է բաժանվելու: Նրանք հանդիպեցին հայտ ներկայացրած բոլոր ընտանիքների հետ և ընտրություն կատարեցին: Ընտրվեցին այն ընտանիքները, որոնց տներում կան անչափահաս երեխաներ, նաև խոսակցությունների ընթացքում պարզ դարձավ, որ չեն ուզում արտագաղթել, ուշք ու միտքներն իրենց հայրենիքից դուրս գնալը չէ, այլ մնալը»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ շահառուներին կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն և համապատասխան գրականություն:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31.500 ԱՄՆ դոլար:
Բաղանիսի գյուղապետի խոսքով, այս ծրագրի հիմնական նպատակն է գյուղացիների համար ստեղծել եկամտի միջոց, որը կբարելավի գյուղացու սոցիալ-տնտեսական մակարդակը:
«Մեծ քայլ է, ընտանիքը եկամտի միջոց է ունենում, նաև օգնում են համայնքին»,- ընդգծեց նա:
Ն. Սահակյանը տեղեկացրեց, որ մեղվապահ ընտանիքներն իրենց հասույթից որոշակի գումար հատկացնելու են տեղի մանկապարտեզին: Նա նաև ասաց, որ շահառուները ստիպված չեն լինի իրենց մեղրի համար գնորդներ փնտրել, քանի որ «Սահման» ՀԿ շուկայական գնով գնելու է նրանց մեղրը:
Լուսնկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին