Դեռ երեկ քսան տարեկան էի. Շառլ Ազնավուր
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»: Այսպես է իր մասին ասել Շառլ Ազնավուրը, ով հաղթահարել է իր ճանապարհին հանդիպած ցանկացած դառնություն ու դժվարություն, հասել բարձունքների, դարձել աշխարհահռչակ ու իր երգերով գորել միլիոնավոր սրտեր:
Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:
Այսօր Շառլ Ազնավուրի (Վաղինակ Ազնավուրյան) ծննդյան օրն է: 1924 թվականի հենց այս օրը Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։
Հայրը ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ:
2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով:
Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:
Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
«Դեռ երեկ քսան տարեկան էի
ՈՒ վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
ՈՒ գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
ՈՒ հալվում է այս ժամանկի մեջ:…
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա… », «ԴԵՌ ԵՐԵԿ», Շառլ Ազնավուր:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրի 92-ամյակին նվիրված վաղը Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 19:00-ին կկազմակերպվի բացօթյա համերգ: