Եթե երեխան մեծանում է իդեալական, ստերիլ միջավայրում, նրա իմուն համակարգը սկսում է զարգանալ սխալ ուղղությամբ. ալերգոլոգ
Գարնանը ալերգիկ հիվանդությունները սովորաբար սկսում են «գլուխ բարձրացնել»: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը, գարնանը հատկապես ի հայտ են գալիս այն ալերգիաները, որոնք սովորաբար արտահայտվում են հարբուխի երևույթներով՝ աչքի, քթի քորով, փռշտոցով, կոկորդի, ականջի քորով, և այս երևույթները կարող են տևել ամիսներ:
Ալերգոլոգի խոսքերով՝ Հայաստանում ամենատարածվածը մարգագետնային խոտերի ծաղկափոշիներն են, որոնց նկատմամբ ալերգիան գերակշռող է: Դրա սեզոնն սկսվում է ապրիլի կեսերից և ավարտվում սեպտեմբերին: Այսինքն՝ Հայաստանում շնչառական ալերգիաների համար ռիսկային է համարվում ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ ալերգիաները ներկայումս չեն համարվում անբուժելի խնդիր և Հայաստանում հասանելի են վերջնական բուժման դեղորայքները, ուստի հիվանդին առաջարկում են և՛վերջնական, և՛ ժամանակավոր լուծում:
«Ավելի հաճախ սեզոնային ալերգիաները սկսում են հենց մանկական տարիքում, վաղ հասակում երեխաներն ունենում են ատոպիկ դերմատիտ կոչվող երևույթը, որն արտահայտվում է մաշկի չորությամբ, այտերի կարմրությամբ, գլխի շրջանում թեփով: Այդ երեխաները հակում ունեն ավելի ուշ ձեռք բերելու այլ ալերգիկ հիվանդություններ»,-ասաց ալերգոլոգը՝ հավելելով, որ նման երեխաներին նշանակում են մաշկի խնամք, իսկ դպրոցական տարիքում արդեն անհրաժեշտ է լինում հետազոտություն անցնել, ճշտելու, թե կոնկրետ որ ալերգենների նկատմամբ գերզգայություն ունի տվյալ երեխան:
Ինչ վերաբերում է բուժման կամ կանխարգելմանը, ապա մասնագետի խոսքերով, դա կախված է ալերգենի տեսակից. Հայաստանում տարածված ալերգենը գտնվում է այն խմբում, որը բուժելի տեսակ է:
Ըստ Աստղիկ Բաղդասարյանի՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին ալերգիաներն ավելի մեծ տարածում են գտնում:
Մասնագետը նշեց, որ ալերգիայի տարածման վերաբերյալ տարբեր տեսություններ կան, և ներկայումս ամենատարածված տեսությունը հիգիենայի տեսությունն է:
«Ալերգենները անտիգեններ են, որոնք որոշ մարդկանց մոտ առաջացնում են իմուն համակարգի գերզգայունություն, և օրգանիզմում հետագա ներմուծումից առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ: Այսինքն՝ ալերգիան իմուն համակարգի սխալ պատասխանն է օտարածին մասնիկներին: Մեր իմուն համակարգը նախատեսված է միկրոբների կամ կամ այլ օտարածին մասնիկների դեմ պայքարելու համար: Եվ եթե մենք, այսպես ասած, պարապ ենք թողնում իմուն համակարգին, և երեխան մեծանում է իդեալական, ստերիլ միջավայրում, նրա օրգանիզմը հնարավորություն չի ունենում շփվելու տարբեր բակտերիաների հետ, և իմուն համակարգը սկսում է զարգանալ սխալ ուղղությամբ և ալերգիկ պատասխան է տալիս»,- ասաց ալերգոլոգը:
Նրա խոսքերով՝ երեխային պետք է թույլ տալ մեծանալ բնական միջավայրում, միաժամանակ նրան զերծ պահելով աղիքային վարակներից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում