Շատ տաղանդավոր հայ ուսանողների եմ հանդիպել. Գերմանացի պրոֆեսոր
«Ունեցել եմ հայ ուսանողներ, ովքեր շատ տաղանդավոր են: Վստահ եմ, որ Հայաստանում էլ վարպետության դասընթացների ժամանակ նույնպես կհանդիպեմ տաղանավոր երիտասարդների հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերմանացի հանրահայտ ջութակահար, Կարլսրուհեի Բարձրագույն երաժշտական համալսարանի պրոֆեսոր Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը, ով Հայաստանում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վարպետության դասընթացներ անցկացնելու համար:
Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում արդեն շփվել է հայ երաժիշտների հետ, աշխատել նրանց հետ:
Նշենք, որ «Գերմանա-հայկական երաժշտական միություն»-ը և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ը մայիսի 23-26-ը կազմակերպում են ջութակի և դաշնամուրի վարպետության դասեր, որոնք անցկացվելու են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Գերմանա-հայկական երաժշտական միության» նախագահ Անի Աղաբեկյանն ասաց, որ Հայաստանում արդեն երկու անգամ կազմակերպել են վարպետության դասընթացներ՝ ջութակի, սաքսոֆոնի, այս անգամ կազմակերպում են ջութակի և դաշնամուրի:
«Ամեն անգամ մասնակիցները տարբեր են լինում, նոր պրոֆեսորներ ենք հրավիրում: Ծրագիրը, աշխատանքի ձևն ամեն անգամ տարբեր է լինում»,- ասաց նա:
Ա. Աղաբեկյանի խոսքով, պատանիների և երիտասարդների շրջանում բավականին հետաքրքրություն կա:
Ասուլիսին ներկա «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն Վաչե Հովեյանն ասաց, որ վարպետության դասերը ցանկացած պատանի, երիտասարդ կատարողի համար շատ կարևոր են, քանի որ նրանք շփվում են լավագույն պրոֆեսորների հետ:
«Վարպետության դասընթացները լավագույն դասերն են երիտասարդ և պատանի կատարողների համար»,- նշեց նա:
Նախքան վարպետության դասընթացները, մայիսի 22-ին լինելու է բացման համերգը: Ելույթ են ունենալու ջութակահար Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը, դաշնակահար Ռուբեն Մելիքսեթյանը (Գերմանիա), ջութակահար Անի Աղաբեկյանը (Գերմանիա), ալտահար Վաչե Հովեայնը և թավջութակահար Արամ Թալալյանը: Ծրագրում` Ա. Բաբաջանյան, Ա. Ֆրանկ, Է. Միրզոյան, Գ. Հովունց:
Մայիսի 27-ին կայանալու է եզրափակիչ համերգը: Համերգները, դասընթացների մուտքն ազատ է: