«Արտ Ֆեստ»-ը լավ առիթ է հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով. Աշոտ Համբարձումյան
«Արտ Ֆեստ» 2016 միջազգային երիտասարդական բաց փառատոնին մասնակցելու է ավելի քան 430 մասնակից Հայաստանից և արտերկրից: Նշենք, որ փառատոնն այս տարի առաջին անգամ ներկայանում է միջազգային ձևաչափով։
««Արտ Ֆեստ»-ն արդեն միջազգային ձևաչափով է ներկայանում: Անչափ ուրախ եմ, որ մասնակիցն եմ «Արտ Ֆեստի» ծնունդի և արդեն չորս տարի նրա ձեռքը բռնած քայլում եմ մեր մշակութային կյանքում: «Արտ ֆեստ»-ում խաչվում են բոլոր արվեստները և միաձույլվում սերունդները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արտ Ֆեստ» փառատոնի կերպարվեստի հանձնախմբի անդամ ՀՀ վաստակավոր նկարիչ, դոցենտ Աշոտ Համբարձումյանը:
Ըստ նրա, այս փառատոնը դարձել է երիտասարդական մշակութային զարկերակ, հնարավորություն է տվել ավագ սերդին կենսափորձ հաղորդելու երիտասարդներին և երիտասարդանալու իրենցով:
«Այս փառատոնը լավ առիթ է հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով: Այսօր «Արտ Ֆեստ»-ի իսկական մասնակիցներ կարող եմ համարել մեր քաջ ու հերոս զինվորներին, որոնք ամեն օր ապացուցում են իրենց մարտարվեստի ուժը և հզորությունը և ամեն ինչ անում, որ իրենց սերունդը հաղթանակներ գրանցի մշակութային դաշտում»,- ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «Արտ Ֆեստ» փառատոնը համախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:
Այս տարի հունիսի 2-ին մեկնարկող մրցույթ-փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին: