Իտալացի լրագրող. Պապի այցը հակամարտության կարգավորման առումով հույսի մեծ նշան է
Հայաստանում հավատում են, որ Ֆրանցիսկոս պապի այցը Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում հույսի մեծ նշան է: Այս մասին «Radio Vaticana»-ի հետ զրույցում նշել է ապրիլյան քառօրյա պատերազմը իտալական լսարանի համար Լեռնային Ղարաբաղից լուսաբանած «Osservatorio Balcani e Caucaso» պարբերականի լրագրող Սիմոնե Զոպելարոն:
Լրագրողը, անդրադառնալով ապրիլյան իրադարձություններից հետո արդեն մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նկատում է, որ այն հակամարտության կարգավորման ճանապարհին կարևոր նշան է, քանի որ հաջորդել է ապրիլյան իրադարձություններին, ինչպիսիք տեղի չէին ունեցել 1994 թվականից հետո: Լրագրողի կարծիքով, հույս է ներշնչում նաև այն հանգամանքը, որ հունիսին կարող է տեղի ունենալ երկու նախագահների նոր հանդիպում:
Հակամարտության գոտում լարվածության աճի պատճառների շարքում լրագրողը նշում է ինչպես արտաքին քաղաքական մի շարք հանգամանքներ, այնպես էլ այն, որ տարիներ շարունակ իշխանության ղեկին գտնվող Ալիևների ընտանիքը Ղարաբաղյան հակամարտությունը ծառայեցնում է երկրում մի շարք սահմանափակումներ ու իշխանությունների կողմից թույլ տրվող չարաշահումներն արդարացնելու ու քողարկելու համար:
Լրագրողը միաժամանակ նշում է, որ իրենց հերթին Եվրոպան ու Ամերիկան երկար ժամանակ բավարար ուշադրություն չեն հատկացրել հակամարտության կարգավորմանը: Այս առումով լրագրողը նշում է նաև Իտալիայի պահվածքը՝ շեշտելով ադրբեջանական գազի և նավթի հարցում Իտալիայի շահագրգռվածությունը:
«Ես այցելել եմ խրամատներ, եղել եմ Թալիշ գյուղում: Այն վերածվել է ուրվականների գյուղի. Տեղահանված բնակչություն, ավերված դպրոցներ, տներ, զոհեր, վիրավորներ, իսկ խրամատները մեզ ետ են տանում հարյուր տարի առաջվա Եվրոպա: Այս ամենը ստիպում են մտածել, որ սա մոռացված պատերազմ է»,- ասում է իտալացի լրագրողը:
Ապրիլյան իրադարձությունների համատեքստում լրագրողը որպես լավ լուր է նշում այն, որ հունիս ամսին Հայաստան է այցելելու Հռոմի պապը:
«Ես զրուցել եմ քահանայի հետ, քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, վարչապետի հետ: Նրանք բոլորն էլ ինձ ասում էին՝ Պապի այցը հակամարտության կարգավորման առումով հույսի մեծ նշան է: Մինչ այսօր կրոնական գործոնը կարգավորման մեջ էական դեր չի ունեցել, բայց հույս ունենաք, որ այն արդեն կդառնա կարգավորման գործընթացի դրական բաղադրիչներից: Հուսով եմ՝ Պապի այցը խաղաղության հաստատման նշան կլինի»,- նշում է Զոպելարոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան