Գրականությունը պետք է ազգայնացվի. Բանաստեղծներ
«Այսօր ապրում ենք ապրիլյան օրերով, ուստի արդիական է դարձել այն միտքը, որ ինչպես մեր կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ մշակույթը մեծ համատեքստում, իսկ գրականությունը այդ համատեքստի կոնտեքստում, ունի ազգայնացվելու մեծ խնդիր»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանաստեղծ Գոռ Հարությունյանը:
«Ես սա չեմ ասում, որ սահմանին կանգնած հայ զինվորը ոգի ունենա գրականությամբ: Փառք Աստծո, նրանք ինչ-որ տեղից այդ ոգեղենությունը ստանում են, ես սա ասում եմ նրանց հրամաններ արձակողների համար. նրանք պետք է ազգայնանան»,- նշեց բանաստեղծը:
Ընդհանուր առմամբ, ըստ Գոռ Հարությունյանի, գրականությունն իր ընթացքի մեջ է, իր ուղու վրա է՝ լավ, վատ, բազմաշերտ, բազմաճաշակ, բայց ազգայնական գրականությունը պետք է դոմինանտ լինի, ընդորում՝ դրա համար պետական քաղաքականություն պետք է լինի:
Բանաստեղծ Դավիթ Մշեցին էլ նշեց, որ բազմազան գրականություն կա, պետք չէ գրականությունը ուղղորդել, քանի որ իսկական գրականությունը չի ուղղորդվում:
«Կան տարբեր հեղինակներ, արձակի, պոեզիայի մեջ ունենք հետաքրքիր ստեղծագործողներ, սակայն այսօր ամբողջ աշխարհը գնում է մի կետի և մեր «առաջատար» գրականությունն էլ է գնում այդ ուղղությամբ, կարելի է ասել, որ համաշխարհային պոեզիայի կամ արձակի մակարդակի գործեր են ստեղծվում: Հիմա պետք է ասել՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ: 20-րդ դարի կեսից ամբողջ համաշխարհային մշակույթը գնաց այդ «գյադայացման», որի դեմ պայքարում են համաշխարհային մշակույթի տիտանները՝ նկարիչներ, գրողներ, որ եվրոպական առաջադիմությունը, զարգացվածությունը մարդկությանը բթացնելու լավագույն միջոցն է»,- ասաց Դավիթ Մշեցին:
Ըստ նրա՝ գրականությանն էլ համահունչ ձևավորվում է ընթերցողը: Կան ընթերցողներ, որոնք տուրք ենք տալիս եվրոպական քսերոքս արած արժեքների, և ունենք այն եզակի մեկ կամ կես տոկոս ընթերցողը, որը կարդում է և եվրոպական տիտաններին, և Ումբերտո Էկո, և կարդում է Լևոն Խեչոյան:
«Իհարկե ինչ էլ ասենք, այսօրվա գրողի խնդիրն ուղղակի գրելն է, իսկ ժամանակը, պատմությունն իր տեղը կդնի այն, ինչը արժեք է»,- նշեց Դավիթ Մշեցին՝ հավելելով, որ պատահակն չէ, որ հատկապես միջնադարյան հայ մշակույթն աշխարհ է ցնցում, ամբողջ աշխարհն է խոնարհվում, այսինքն՝ պետք է գրել այն, ինչ քոնն է, ուստի մեկ անգամ ևս պնդում են, որ գրականությունը պետք է ազգայնացվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում