Թուրք ընդդիմադիրը կոչ է անում միջազգային հանրությանը չհամագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ
Միջազգային հանրությունը պետք է հրաժարվի ուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ համագործակցությունից, որպեսզի մասնակից չլինի վերջինիս «կեղտոտ և արյունոտ գործերին»: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության ներկայացուվիչ Ֆիգեն Յուքսեկդագը:
Յուքեսկդագը հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի գործընկերները հաճախ աչք են փակում Թուրքիայի գործողությունների վրա, ուստի և դրանով աջակցում են հանցագործություններին:
«Նրանց Թուրքիայի հետ կապում է արատեսակ գործընկերային կապեր և պայմանավորվածություններ: Միջազգային հանրությունը պետք է հրաժարվի համագործակցել Թուրքիայի հետ, հակառակ դեպքում նրանք համագործակցելով թուրքական արյունոտ քաղաքական ռեժիմի հետ, դառնում են կեղտոտ և արյունոտ գործերի մասնակից»,- հայտարարել է ընդդիմադիրը:
Նա նաև ընդգծել է, որ թուրքական ընդդիմությունը տարիներ շարունակ հայտարարում է Էրդողանի ռեժիմի և ահաբեկչական կառույցների՝ մասնավորապես «Իսլամական պետության» հետ կապի մասին, սակայն այդ հայտարարությունները լսելի չեղան:
«Մենք այդ մասին հայտարարում էինք տարիներ շարունակ, սակայն Թուրքիայում չկա արդարադատության աշխատող համակարգ, չկան այնպիսի մեխանիզմներ, որոնք շնորհիվ կարելի է հետևողականորեն և վճռական ճնշում գործադրել իշխանությունների վրա: Մենք փորձում ենք կառավարությանը պատասխանատվության կոչ անել, սակայն ենթարկվում ենք հարձակումների, մեզ թունավորում են, զրկում են պատգամավորական անձեռնմխելիությունից և վռնդում են խորհրդարանից»,- նշել է Յուքսեկդագը:
Ավելի վաղ Թուրքիան մեղադրվում էր Իսլամական պետության հետ ունեցած նավթային առևտրի մեջ, որի մասին հայտարարել էին Հունաստանը, Ռուսաստանը և Իսրայելը: