
Տնտեսագետ. Փորձագիտական հանրությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա կոռուպցիայի դեմ պայքարին
«Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած փորձ պետք է ունենա մեկ կարևոր գործիք և արդյունք, որին մենք ինքներս կարող ենք մասնակից լինել և շարունակել այդ պայքարը, եթե վստահություն ձևավորվի: Դա պատիժն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Ըստ նրա, կոռուպցիայի դրսևորումների դեմ պատիժը պետք է լինի համարժեք, իսկ դրա միջոցները, լծակները կառավարությունն ունի, տեղեկատվություն՝ առավել ևս:
«Քաղհասարակությունը, մասնավորապես փորձագիտական հանրությունը, պետք է շատ ակտիվ մասնակցություն ունենա այդ պայքարին: Առանց հանրության մասնակցության ես անձամբ չեմ հավատում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը»,-ասաց տնտեսագետը:
Ըստ Թ. Մանասերյանի, հասարակական խորհուրդները, որոնք հիմա փորձում են ձևավորել նախարարություններին կից, պետք է լինեն փորձագիտական խորհուրդներ, ընդգրկվեն մասնագետներ, ոչ թե գրանտակեր կառույցներ, որոնց անդամները միաժամանակ հասկանում են և սպորտից, և գյուղատնտեսությունից, և քաղաքականությունից: