Երևանում տեղադրվելու է «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ
Երևան քաղաքի ավագանու մայիսի 25-ին կայանալիք հերթական նիստից հետո գումարվելու է արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված է՝ «Տալ համաձայնություն 1973թ. ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում տեղադրելու համար» որոշման նախագիծը:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նման արձանախումբը տեղադրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տ. Բարսեղյանի կողմից։ «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1935թ. մայիսի 10-ին: 1935-1937թթ. ակումբը կոչվել է Երևանի «Սպարտակ»։ 1938թ. ակումբը վերանվանվել է «Դինամո», իսկ 1954-1962թթ. կրկին ստացել է «Սպարտակ» անունը։ 1963թ. մինչ օրս ակումբը կրում է «Արարատ» անվանումը։ 1954թ. Երևանի «Սպարտակը» ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ մասնակցել է ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։
1971թ. և 1976թ. թիմն արժանացել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ 1971թ. /մարզիչ՝ Նիկոլայ Գլեբով/ թիմի միանգամից վեց ֆուտբոլիստ հայտնվել են ԽՍՀՄ 33 լավագույնների ցանկում /Լևոն Իշտոյան, Արկադի Անդրեասյան, Էդուարդ Մարկարով, Հովհաննես Զանազանյան, Նորայր Մեսրոպյան/։ 1973թ. «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներին մարզելու է հրավիրվել սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: 1973թ. «Արարատը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր։ «Մրցաշրջան-73»-ը ոսկի տառերով է գրվել հայկական ֆուտբոլի տարեգրությունում, դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանել են «Հայկական ֆուտբոլի բում»։ 1973թ. համարվում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն տարին։