Մենաշնորհների մասին տեղեկություն վարչապետը տարբեր աղբյուրներից է ստանում. Արմեն Ալավերդյան
«Ես կարող եմ խոսել մենաշնորհի մասին, բայց ապօրինի մենաշնորհ հասկացությունը չեմ հասկանում`ինչ է», -այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների պետի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Երբ լրագրողները փորձեցին բացատրել, որ ապօրինի մենաշնորհն այն է, երբ շաքարը, բենզինը կամ բանանը ներկրում է մեկ անձ, Ալավերդյանը դարձյալ հստակ պատասխան չտվեց և խոսեց շաքարավազի ներկրումից. «Ես ուղղեմ ձեզ` եթե շաքարավազի մասին է խոսքը, ուրեմն ասեմ` այն արտադրական նպատակներով ներմուծում են տասնյակ կազմակերպություններ: Բոլոր քաղցրավենիք, կոնֆետ արտադրող ընկերությունները շաքարավազը իրենք են ներմուծում, ոչ թե ձեր իմացած կազմակերպությունից են ձեռք բերում: Ինչ վերաբերում է մանրածախ վաճառքին, այո ավելի շատ ներմուծող կազմակերպություն կա, և ինձ որպես ՊԵԿ-ի ներկայացուցիչ, ավելի շատ հետաքրքրում է նրա կողմից վճարված հարկերի մեծությունը: Իսկ որ դա համարենք մենաշնորհ, թե ոչ, դրա համար կա պետական առանձին մարմին` Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, որը պետք է ձեր որակումներին գնահատական տա»:
Այդուհանդերձ, Ալավերդյանն ասաց, որ կա «մենաշնորհ» հասկացություն ու բացատրեց. «Ես ասացի մենաշնորհ հասկացությունը կա, բայց ապօրինի մենաշնորհ հասկացությունը բացեմ ձեզ` չեմ հասկանում: Եթե մեկը որպես տնտեսվարող սուբյեկտ ներմուծում է բենզին կամ շաքարավազ և այդ ներմուծման դիմաց պետական վճարումները կատարում է պետական բյուջե ժամանակին, աապօրինությունն այդտեղ ո՞րն է»:
Լրագրողները հստակեցրին, որ գործարարի կողմից արհեստական խոչընդոտներ ստեղծելու մասին է խոսքը, ինչին պաշտոնյան արձագանքեց. «Մենաշնորհ ասածը կամ շուկայում մեծ դիրք գրավելը նշանակում է, որ մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտներ ավելի շատ են ներմուծում կամ արտադրու,մ քան մյուսները և այդտեղ իրենք շահավետ դիրք են գրավում գների վրա ազդելու և եկամուտներ ստանալու հնարավորություն են ունենում: Ես մասնագիտական առումով կարող եմ այսպես պատասխանել մենաշնորհի մասին ձեր հարցին»:
Հարցին, թե մենաշնորհների մասին տեղեկությունները, որտեղից է ստանում վարչապետը, Ալավերդյանը պատասխանեց, որ այդ աղբյուրները տարբեր են և հավելեց. «Կառավարությունը մեծ տեղեկատվական հոսքերի է տիրապետում, և պետական տարբեր մարմիններ կարող են անհրաժեշտ տեղեկետվությունը տրամադրել: Այդ թվում` ՊԵԿ-ը կարող է մրցունակության, կազմակերպությունների վճարունակության, փաստացի վճարների մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրել: ՀՀ վարչապետը մեկ աղբյուրից չի օգտվում, նա օգտվում է բազմազան աղբյուրներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան