
Բաբաջանյանի արձանը ներկայացնում է հզորության ու հաղթողի հատկանիշները. քանդակագործ
Մայրաքաղաքի տեսարժան վայրերին գումարվեց ևս մեկ հրաշալի ու մոնումենտալ արձան: Այսօր Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի բրոնզաձույլ արձանի բացման արարողության ժամանակ իր ելույթի խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այս կոթողն առհավատչյան է այն իրողության, որ մենք առաջնորդվում ենք «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» պատգամ դարձած կարգախոսով: Պատմությունն անհնար է ոչնչացնել, և ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ ներկայիս հայ զինվորն էլ արժանի հետևորդն է մեր նախնիների»,-ասաց նախարարը:
Նշենք, որ արձանի բացման արարողությանը ներկա էին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերեններ և օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ:
Արձանը հանդիսավորությամբ բացեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արձանի քանդագագործ Համլետ Մատինյանը և նրա թոռնիկը:
Քանդակագործ Համլետ Մատինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչ ստեղծագորխական աշխատանքին անցնելը շատ լուրջ ուսումնասիրել է մարշալի կենսագրությունը. «Բաբաջանյանը հանճարեղ մարդ է եղել: Արձանը ներկայացնում է հզորության ու հաղթողի հատկանիշները, փորձել եմ առավել լավ ներկայացնել խրոխտ զինվորականի կերպարը: Արձանի հետևում իմ կողմից փորագրել եմ այն, ինչ գրել էին Թամանյան դիվիզիայի մարտիկները 1945 թ.Բեռլինը գրավելուց հետո»:
Արձանի ճարտարապետ Միքայել Միսակյանն էլ նշեց նախագծի վրա աշխատել են վեց ամիս: