Սուրենյան. Այս քամիները կարճատև բնույթ են կրում, բայց մեծ վնասներ են տալիս
Հանրապետության տարածքում ուժեղ քամին ու որոշ հատվածներում տեղացած կարկուտը Հայաստանի տարածքին մոտեցած ցիկլոնի հետևանք է: Ցիկլոնի ազդեցությունը դեռ մի քանի օր կպահպանվի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Երևանում քամու արագությունը հասել է 24-25 մ/վ-ի, մարզերի առանձին հատվածներում մինչև 26-27մ/վ-ի:
«Ուժեղ քամի գրանցվել է Շիրակում, Լոռիում, Արմավիրում, Արարատում: Այս քամիները սովորաբար լինում են ամպրոպի ժամանակ, կոչվում են փոթորկանք: Կարճատև բնույթ են կրում, բայց մեծ վնասներ են տալիս»,-մանրամասնեց Սուրենյանը:
Կենտրոնի պետի խոսքով, նման ուժգնությամբ քամի առաջիկայում չի լինի, սակայն երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ: