ՓՊ. Փաստաբանական գրասենյակի խուզարկությունը միջամտություն է փաստաբանի անկախությանը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՓՊ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ նաև նշված է.
«ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց:
- «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված արգելքին հակառակ փաստաբանական գրասենյակի խուզարկությունը միջամտություն է փաստաբանի անկախությանը, հետևապես նաև` փաստաբանական գործունեությանը:
- Վստահորդի կողմից փաստաբանին հայտնած տեղեկությունների գաղտնիությունը վտանգող քրեական վարույթն իրականացնող մարմնի ցանկացած գործողություն ապօրինի է, քանի որ սահմանափակում է փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքները»,-ասված է հայտարարության մեջ:
Պալատի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 19.05.2016թ. ժամը 11:50-ին ք. Երևան Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակ են այցելել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Աշոտ Ժամկոչյանը և իրավապահ մարմինների աշխատակիցներ` Լևոն Կյուրեղյանն ու Լևոն Պետրոսյանը:
ՀԿԳ քննիչ Ա.Ժամկոչյանի կողմից ներկայացվել է ք. Երևան Գայի պողոտա 2 շենք 136 հասցեում խուզարկություն կատարելու վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
«Համաձայն ներկայացված որոշման՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա. Դանիելյանը 16.05.2016թ. քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է ու ենթակա է բավարարման և ի թիվս այլնի խուզարկության թույլտվություն է տվել նաև Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակի տարածքում, ամենայն հավանականությամբ չիմանալով և որոշման մեջ չնշելով, որ դա փաստաբանական գրասենյակի տարածք է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան