Մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շատ կարևոր նախապայման կլինի հակամարտության հետագա թեժացումը կանխելու գործում. Բունդեսթագի փոխնախագահ
Գերմանիան համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող և չի լուծվի ռազմական ճանապարհով: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:
«Մենք կոչ ենք անում, որ երկու կողմերը պահպանեն հրադադարի շուրջ ձեռք բերված նոր պայմանավորվածությունը: Մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շփման գծում շատ կարևոր նախապայման կլինի հակամարտության հետագա թեժացումը կանխելու գործում: Այս մշտադիտարկման գործընթացի բաղկացուցիչը կլինի նաև ԵԱՀԿ գրասենյակի անձնակազմի մեծացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-նշեց նա՝ հավելելով, որ Գերմանիայի խորհրդարանը մեծապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնց արդյունքում վերջերս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերվեց հրադադարի պահպանման պայմանավորվածություն:
Բունդեսթագի փոխնախագահը հույս հայտնեց, որ հունիսին կայանալիք հանդիպումները նույնպես արդյունավետ կլինեն այս ուղղությամբ:
«Հուսով ենք, որ հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը հիմք կհանդիսանա հետագա բանակցությունների վերսկսման համար և որ այդ բանակցությունների հիմքում կշարունակվեն մնալ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված հիմնարար սկզբունքները»,-նշեց նա:
Ըստ Էդելգարդ Բուլմահնի, Գերմանիան մեծ ցանկություն ունի կանխելու տարածաշրջանում նորանոր իրավիճակների թեժացումները, ԵԱՀԿ նախագահությունն ստանձնած Գերմանիան, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ջանքեր կներդնեն տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան