Իրանի Փորձագետների խորհրդի նախագահ է ընտրվել 90-ամյա այաթոլլահ Ահմադ Ջանաթին
«Այաթոլլահ Ահմադ Ջանաթին ընտրվել է Իրանի Փորձագետների խորհրդի նախագահ»,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
88 անդամ ունեցող Փորձագետների խորհուրդը վերահսկում է հոգևոր առաջնորդի գործունեությունն ու անհրաժեշտության դեպքում ընտրում հոգևոր առաջնորդ: Իսլամական հեղափոխությունից ի վեր այս կառույցն ընդամենը մեկ անգամ է ընտրել հոգևոր առաջնորդ:
Շուրջ 38 տարվա ընթացքում Փորձագետների խորհուրդն ընդամենը երկու կարևոր որոշում է կայացրել, 1986թ. Հոսեյն Ալի Մոնթազերիին նշանակել է որպես ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի փոխանորդ և նույն թվականին Ալի Խամենեիին ընտրել է որպես Իրանի հոգևոր առաջնորդ:
Ս.թ. փետրվարի 26-ին կայացած Փորձագետների խորհրդի 5-րդ գումարման ընտրությունների արդյունքներով խորհրդի 88 հոգանոց նոր կազմը հետևյալ տեսքն է ստացել՝
27 մանդատ ստացել էին պահպանողականները, 20 մանդատ՝ բարեփոխականները, 6 մանդատ անկախ փորձագետները և 35 մանդատ ստացել էին պահպանողականների և բարեփոխականների ընդհանուր աջակցությունը վայելող թեկնածուները:
Մինչ օրս Փորձագետների խորհուրդը չորս նախագահ է ունեցել
Ալի Մեշքինի (1984-2008)
Հաշեմի Ռաֆսանջանի (2008-2011)
Մոհամմադ Ռեզա Մահդավի Քանի (2011-2014)
Մոհամմադ Յազդի (2014-2016)
Այսօր կայացած Փորձագետների խորհրդի նախագահի ընտրությանը մասնակցել է 86 անդամ: Այաթոլլա Ջանաթին ստացել է 51, այաթոլլահ Էբրահիմ Ամինին՝ 21, իսկ այաթոլլահ Հաշեմի Շահռուդին՝ 13 ձայն, մեկ ձայն էլ անվավեր է ճանաչվել:
Այաթոլլահ Ջանաթին 90 տարեկան է, ծննունդով Սպահանից է:
Անդրադառնալով Ահմադ Ջանաթիի՝ Փորձագետների խորհրդի նախագահ ընտրվելու փաստին՝ նկատենք, որ այս պարագայում ուշագրավն այն է, որ նա միակ պահպանողական թեկնածուն էր, որն ընտրությունների ժամանակ Թեհրանի ընտրատարածքում կարողացավ հաղթանակ տանել, մնացյալ 15 տեղերը զբաղեցրել էին բարեփոխական թեկնածուները:
Հեղինակ` Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում