Միխալիս Իկոնոմու. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծարժեք իրադարձություն է աշխարհի երաժշտական հանրության համար
Երևանում հունիսի 6-ին մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի անցկացվում է դիրիժորություն անվանակարգում։ Նշենք, որ խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է և անցկացվում է միջազգային չափանիշներով։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Մրցույթի ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլլի), Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան)։
Ժյուրիի անդամ Միխալիս Իկոնոմուն Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծարժեք իրադարձություն է աշխարհի երաժշտական հանրության համար. «Երիտասարդ երաժիշտները հնարավորություն են ստանում մասնակցելու և ստանալու մի մրցանակ, որը կարող է փոխել նրանց ամբողջ կարիերան։ Խաչատրյանական մրցույթն անցկացվում է արդեն երկար տարիներ տարբեր մասնագիտություններով և իրապես պրոֆեսիոնալ, կարևոր իրադարձություն է»։
Մաեստրոն մրցույթից ակնկալում է բարձր մակարդակ, հրաշալի երաժշտություն, մեծ տաղանդների բացահայտում և նոր ծանոթություններ։
Ըստ դիրիժորի, մրցույթի ծրագրում ընդգրկված գործերի ընտրությունը շատ ճիշտ է կատարվել. «Դրանք դասական աշխարհի գլուխգործոցներ են՝ Հայդնի, Բեթհովենի, ինչպես նաև 20-րդ դարի կոմպոզիտորներ Բրամսի և Չայկովսկու ռոմանտիկ գործերը, և, իհարկե, մեծն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք թույլ կտան մեզ լիարժեքորեն դատել և բացահայտել յուրաքանչյուր մասնակցի լավագույն որակները»։
Խոսելով աշխարհում դիրիժորության զարգացման միտումների մասին՝ Միխալիս Իկոնոմուն ընդգծեց, որ դիրիժորությունը տարեցտարի, օրեցօր դառնում է ավելի մրցակցային։
«Աշխարհում կան հրաշալի դպրոցներ և ուսուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր, մրցույթներ։ Դիրիժոր դառնալն այսօր հեշտ չէ։ Երաժիշտները մեր մեծագույն դատավորներն են, և շատ դեպքերում նրանք են որոշում մեր ապագան։ Դա մի մասնագիտություն է, որ պահանջում է բացարձակ կատարելություն ամեն առումով և չի ներում ոչ մի սխալ»,- խոստովանում է Միխալիս Իկոնոմուն՝ ավելացնելով, որ եթե մեկը ցանկանում է դառնալ հաջողակ դիրիժոր, նա պետք է լինի կրթված, ուժեղ և միշտ լավ պատրաստված:
Խոսելով Արամ Խաչատրյանի մասին՝ անվանի դիրիժորը նշեց, որ լինելով ջութակահար՝ շատ է ոգևորվել, երբ մանուկ հասակում իր համար բացահայտել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը. «Ես այդ գործը ներկայացրել եմ մի քանի անգամ, հետագայում երջանիկ էի՝ արդեն որպես դիրիժոր ղեկավարել Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարումը։ Խաչատրյանը երաժշտության պատմության մեջ լավագույն կոմպոզիտորներից է։ Նա հասել է նրան, որ միահյուսել է արևելյան երաժշտության էթնիկ և ժողովրդական ավանդույթների լավագույն որակները՝ դրանք ներառելով արևմտյան ձևի, կառուցվածքի և նվագախմբային արվեստի մեջ»։
Նշենք, որ Միխալիս Իկոնոմուն իր սերնդի ամենախոստումնալից դիրիժորներից և կոմպոզիտորներից է, հունական երաժշտության վառ ներկայացուցիչներից մեկը: Նա եղել է Քաթարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Հունական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրված դիրիժորը և Աթենքի տեխնիկական համալսարանի երաժշտության բաժնի ղեկավարը, նրա գլխավորությամբ հանդես են եկել բազմաթիվ անվանի նվագախմբեր։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: