ՊՆ խոսնակը պատասխանում է Սեյրան Օհանյանին ուղղված բաց նամակին
Դիտորդական խմբի անդամներ Անդրիաս Ղուկասյանը, Արամ Թարվերդյանը,
Դավիթ Հովհաննիսյանն ու Մուշեղ Դանիելյանն այսօր բաց նամակ են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նամակում ասված է.
«Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն, դրանից մեկ օր առաջ, ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, և միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համար: Տեղում իրավիճակը գնահատելու համար, պաշտոնական անձանց հայտարարությունների միջև առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբ՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ:
Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ Թալիշի հատվածի առաջնագծում ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինվորական հրամանատարների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում»:
Բաց նամակին արձագանքել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Հարգելի պարոնայք` Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան և Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ և այլն: Դուք դրանում կհամոզվեք, եթե գնաք Թալիշ: Ինչ վերաբերվում է գյուղի վերաբնակեցմանը, ձեր այնտեղ մեկնելուն և այլն, ապա խնդրում ենք այդ հարցերով դիմեք ԼՂՀ կառավարությանը և ԼՂՀ ՊՆ-ին»:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա Թալիշում անվտանգ է. Սեյրան Օհանյան
- «La Stampa». Ճանապարհները դեպի Թալիշ ու Մարտակերտ իրավիճակի ամենաադեկվատ պատկերներն են
- Թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել դպրոցները. ԼՂՀ Օմբուդսմեն
- Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները. Արցախի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան