Հունաստանում սկսվել է ներգաղթյալների Իդոմենի խոշոր ճամբարի տարհանումը
Հունաստանի իշխանությունները սկսել են տարհանել ներգաղթյալների Իդոմենի ճամբարը, որը գտնվում է Հունաստան-Մակեդոնիա պետական սահմանի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ ճամբարին են մոտեցել ոստիկանական և ուղևորատար մեքենաներ: Մարդկանց պետք է տեղափոխեն կառավարության կողմից կառուցված հատուկ ներգաղթյալների համար նախատեսված ճամբարներ:
Իդոմենի ճամբարում, որտեղ տարերայնորեն հավաքվել ու ապրում է մոտ 8,5 հազար ներգաղթյալ, տարհանման աշխատանքները կազմակերպելու և ապահովելու համար ժամանել է մոտ 200 ոստիկան. նրանք հավաստիացնում են, որ չեն պատրաստվում ուժ կիրառել:
Ակնկալվում է, որ տարհանումը կտևի մի քանի օր: Ներգաղթյալներին այդ ճամբարից տեղափոխելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անցած փետրվարին ցուրտ եղանակի պատճառով փախստականները փորձել էին գրոհով ճեղքել սահմանն ու անցնել Մակեդոնիա: