ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Հայաստան և Ադրբեջան այցերի արդյունքում զեկույց է պատրաստելու
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Երևանում ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին է փոխանցել Արցախում ադրբեջանական զինուժի վայրագություններն ապացուցող փաստեր, որոնց մի մասը տեղ է գտել Բաքվի պետական համալսարանի կայքէջում:
«Ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներում կարելի է տեսնել «Իսլամական պետության» ձեռագիրը»,-ասել է Շարմազանովը ԵԱՀԿ ներկայացուցչին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանին անթաքույց կերպով և բարձր մակարդակով իր աջակցությունն է հայտնել Թուրքիան, որն արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել միջազգային հանրության կողմից հնչող անհասցե կոչերը. այս հարցում նա կարևորել է առանցքային դերակատարություն ունեցող ԵԱՀԿ-ի հասցեական գնահատականները:
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում. նա դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ ղարաբաղցիներն ընդամենն իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքն այնպես, ինչպես աշխարհի շատ այլ ժողովուրդներ»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել հակամարտության կարգավորմանը:
Քրիստիան Վիգենինն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրումը՝ առանց վիճարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը:
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին