Դիմորդները, որոնց մոտ կհայտնաբերվեն բջջային հեռախոսներ, հեռացվելու են քննական կենտրոններից. ԳԹԿ տնօրեն
Այն դիմորդները, որոնց մոտ ընդունելության քննությունների ժամանակ կհայտնաբերվեն բջջային հեռախոսներ, առանց զգուշացման հեռացվելու են քննական կենտրոնից և այս տարի քննությանը մասնակցելու հնարավորություն այլևս չեն ունենալու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
«Ամենայն խստությամբ ենք վերաբերվելու նրանց, ում մոտ հայտնաբերենք ծածկագրեր կամ բջջային հեռախոսներ: Անցած տարվանից արդեն մեր կարգում փոփոխություն ենք մտցրել՝ առանց զգուշացման հեռացվելու են քննական կենտրոնից, զրկվելու են ընդհանրապես այս տարի քննություններին մասնակցելուց»,- նշեց նա՝ հավելելով, որ նախորդ տարի 5 դիմորդ դուրս է հանվել և քննություններին այլևս չեն մասնակցել:
Ըստ Գ.Մելիքյանի, դեպքեր են եղել, երբ նույն դիմորդի մոտից երեք հեռախոս են հայտնաբերել, տարբեր տիպի ինքնաշեն սարքեր, որոնք փաթաթում են հագուստներին:
ԳԹԿ տնօրենն ասաց, որ այս տարի բնագիտամաթեմատիկական առարկաների առաջադրանքներում փոփոխություն է մտցվել. «Անընդհատ բողոքներ, նաև առաջարկություններ ենք ստանում, որ թեստերի պարագայում շատ առարկաներից դիմորդները սովորում են պատասխանները, ոչ թե, օրինակ, ինչպես լուծել խնդիրը: Բնագիտամաթեմատիկական առարկաների բոլոր առաջադրանքները վերցվել են շտեմարաններից, սակայն առաջադրանքների մեջ թվային տվյալները կարող են փոփոխված լինել: Խնդիրը որևէ փոփոխություն չի կրում, բայց թվային արժեքների փոփոխությունը բերելու է նրան, որ երեխան ոչ թե հիշի պատասխանը կամ օգտվի ծածկագրից, այլ տեղում հաշվարկներ կատարի, ստանա նոր պատասխան: Այսպես հնարավորություն կլինի տարանջատել այն դիմորներին, ովքեր փորձում են անգիր անել կամ ծածկագրերից օգտվել»:
Նա նաև տեղեկացրեց, որ «Անգլերեն» առարկայի թեստերում մեկ չնչին փոփոխություն կա. ընտրովի պատասխանը դարձել է կարճ պատասխան:
Գ.Մելիքյանն ասաց, որ վերջին 2-3 տարիներին քննությունների կազմակերպման, շտեմարանների բովանդակության հետ կապված բողոքները նվազել են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները