Մեկնարկում է Տուլայում ավտոբուսի վթարի գործով դատավարությունը
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մայիսի 23-ին հանդիպել է ռուսաստանյան «АРМРОСС» ասոցիացիայի ներկայացուցիչներ Ռուբեն Կիրակոսյանի և Կարեն Ներսիսյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանդիպմանը ներկայացվել է ռուսաստանյան տարբեր դատական ատյաններում և քննչական մարմիներում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված ասոցիացիայի գործունեությունը:
Քննարկվել են նաև 2015թ. նոյեմբերի 3-ին Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնելու շուրջ հարցեր:
Ռ.Կիրակոսյանն ու Կ.Ներսիսյանը հայտնել են Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանում նշյալ գործով դատավարության մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ քննչական մարմինը ներկայումս որպես տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած դիտարկում է երթևեկության թույլատրելի արագության գերազանցումը:
Տեղեկացվել է նաև, որ քաղաքացու դատապաշտպանները մտադիր են դատարան դիմել՝ վթարի ենթարկված ավտոբուսի ընդհանուր տեխնիկական վիճակի շուրջ փորձագիտական զննում անցկացնելու նպատակով: Առաջիկա դատական լսումներն այս գործով տեղի կունենան մայիսի 24-ին և 26-ին:
Հանդիպմանը քննարկվել են նաև «АРМРОСС» ասոցիացայի կողմից ՀՀ քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու շուրջ հարցեր, այդ թվում նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում նույն ասոցիացիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար պարբերաբար իրավաբանական խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Տուլայի վթարից տուժած երեք քաղաքացի ևս տեղափոխվել է Հայաստան
- Տուլայի ավտովթարից տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել
- Տուլայում տեղի ունեցած վթարից տուժածներից ևս մեկը տեղափոխվել է Հայաստան
- Հայտարարություն՝ Տուլայի ավտովթարից տուժածներին փոխհատուցելու վերաբերյալ
- Տուլայի ՃՏՊ-ի հետևանքով տուծած ՀՀ քաղաքացիներից ութը դեռ ՌԴ հիվանդանոցներում են
- 50 մլն դրամ` Տուլայի ավտովթարից տուժածներին փոխհատուցելու համար
- Կառավարությունը դրամական միջոցներ կտրամադրի Տուլայի վթարից տուժած ընտանիքներին