Պետք է անպայման ունենալ այլընտրանքային գործընկերներ. Բորիս Նավասարդյան
Բացի բանակցություններից, կան նաև երկրորդական պլանի խնդիրներ, որոնք Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության համար կարևոր են որպես դասեր: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Առաջին դասը, որն ըստ նրա պետք է Հայաստանը քաղի, այն է, որ որևէ գործընկերոջ իդեալականացումը խանգարում է հասնել նպատակներին. «Մենք ականատես էինք, թե ինչպես է Հայաստանն իդեալականացնում Ռուսաստանին՝ որպես իր անվտանգության հիմանական երաշխիքի, սակայն տեսանք, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասարակությունն ինչ հիասթափություն ապրեց»:
Նավասարդյանի խոսքով՝ պետք է հասկանալ մի շատ պարզ բան, որ աշխարհում չկա որևէ գերտերություն, որը Հայաստանի նման փոքր երկրի հոգսերը կվերցնի իր ուսերի վրա, կապահովի անվտանգություն ու տնտեսական բարեկեցություն:
«Պետք է հանգիստ վերաբերվել նրան, որ Ռուսաստանն իր շահերին համապատասխան է իրականացնում իր քաղաքականությունն այստեղ, պետք է հասկանալ, որևէ պարտավորություն, որը արձանագրված է տարբեր համաձայնագրերում, չեն աշխատում, եթե հակասում են գերտերության շահերին»,-նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահը:
Նա գտնում է, որ պետք է իրատեսորեն մոտենալ և հասկանալ, որ միայն այն դեպքում Ռուսաստանից կարող ենք օգուտ ունենալ, երբ մեր շահը կհամընկնի նրա շահերին:
Նավասարդյանը հավելեց, որ պետք է անպայման ունենալ այլընտրանքային գործընկերներ, ովքեր տարբեր հակասական զարգացումների ժամանակ կարող են օգտակար լինել:
Հաջորդ դասը Նավասարդյանի կարծիքով՝ ինքնուրույն քաղաքականություն վարելն է, որն էլ նպաստում է նրան, որ դիմացինը քո հանդեպ ավելի լուրջ լինի և քո շահերի հետ հաշվի նստի: