Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև. Սասունյան
Մի քանի տարի առաջ երկու թուրք իսլամիստ պարագլուխներ՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը և նշանավոր սուննի հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը համախոհներ էին: Նրանց ընդհանուր թշնամին թուրքական զինվորականությունն էր: Բայց երբ Էրդողանն իր բռնատիրական իշխանությունը ամրապնդեց թուրք գեներալներին ուժաթափ անելով, նա դուրս եկավ իր հին դաշնակցի՝ Գյուլենի դեմ: Էրդողանը մաքրագործեց և բանտարկեց Գյուլենի հետևորդներին՝ հարյուրավոր լրագրողների, դատավորների, ոստիկանների ու պետական պաշտոնյաների:
Գյուլենի գլխավորած կազմակերպությունների գործունեության մասին իր համաշխարհային հետաքննությունն ընդլայնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը վարձեց Լոնդոնում գտնվող «Ամստերդամ և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը, ամսական վճարելով 50 հազար դոլար: Փաստաբանական ընկերությունը նաև կտրամադրի իրավաբանական խորհրդատվություն Փենսիլվանիայում կամավոր աքսորյալ Գյուլենի արտահանձնման համար Էրդողանի վարչակարգի պահանջի վերաբերյալ:
«Մեզ վարձել է Թուրքիայի Հանրապետությունը՝ բացահայտելու Գյուլենի ցանցի ենթադրյալ ապօրինի գործունեությունն ամբողջ աշխարհում», հայտարարել է «Ամստերդամ և գործընկերներ» ընկերության հիմնադիր-գործընկեր Ռոբերտ Ամստերդամը, վերջերս Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Գյուլենի ցանցի գործունեությունը, ներառյալ նրա ներթափանցումը Թուրքիայի դատական համակարգ և ոստիկանություն, ինչպես նաև նրա քաղաքական լոբբինգը, պետք է մտահոգի բոլոր նրանց, որոնք մտածում են Թուրքիայում ժողովրդավարության ապագայի մասին»:
Ազդեցիկ փաստաբանի կեղծավոր ողբն առ «Թուրքիայում ժողովրդավարության ապագա», անհեթեթություն է, քանի որ Էրդողանն անձամբ վերացրել է ժողովրդավարության բոլոր հետքերը Թուրքիայում...
Վերջերս մամուլի մի հաղորդագրության մեջ Ամստերդամը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի ավելի քան 100 չարտերային դպրոցներում գործող Գյուլենի ցանցը դարձել է դաշնային և տեղական իրավապահ մարմինների հետաքննության առարկա Միացյալ Նահանգներում: Ըստ առանձին հայցերի, որ ներկայացվել են Գյուլենի հետ կապված դպրոցների դեմ՝ խումբն իբր պարբերաբար զբաղվել է ամերիկյան մուտքի արտոնագրերի համակարգի չարաշահումներով»: Թուրքիան ներկայացնող փաստաբանը նաև հայտարարել է՝ «Ամբողջ աշխարհում Գյուլենի ցանցը աշխատեցնում է հազարավոր դպրոցներ և համաձայնագիր ունի Աֆրիկյան Միության հետ՝ տարածաշրջանում 1000 նոր դպրոց բացելու վերաբերյալ»:
Այժմ Էրդողանի երկար ձեռքը հասել է մինչև Տեխաս՝ ընկնելով «Հարմոնի» հանրակրթական դպրոցների՝ Հյուսթոնում գտնվող ամենամեծ չարտերային դպրոցական համակարգի հետևից, որն ունի 30 հազար աշակերտ և աշխատում է Գյուլենի հետ կապված ոչ առևտրային կազմակերպությունների հետ:
Անցյալ տարվա նոյեմբերին «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը 90-կետանոց հանրային տեղեկատվության հարցում է ներկայացրել, որի լրացման համար «Հարմոնի»-ն ստիպված կլինի ծախսել 4.5 միլիոն դոլար: Նույնիսկ երկար ցուցակի կրճատումից հետո, «Հարմոնի»-ից կպահանջվի 690 հազար դոլար այն լրացնելու և այդ տեղեկատվությունը տրամադրելու համար: Այժմ Տեխասի գլխավոր դատախազը պետք է որոշի թուրքական պահանջի նպատակահարմարությունը:
Այս շաբաթ սպասվում է, որ «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը 30-էջանոց բողոք կներկայացնի Տեխասի կրթության գործակալություն (ՏԳԿ) «Հարմոնի»-ի դպրոցների դեմ: Լոբբիստ Ջիմ Առնոլդը Տեխասի Օսթին քաղաքից, որին Թուրքիան ևս վարձել է, էլեկտրոնային նամակ է ուղարկել Տեխասի նահանգապետին, նշելով, որ այդ բողոքը «կներկայացնի մի շարք մեղադրանքներ «Հարմոնի»-ի ֆինանսական գործառնությունների, նրանց ենթադրվող ապօրինի գործողությունների, նաև ՏԳԿ-ի կողմից համապարփակ նախաքննություն սկսելու պահանջի վերաբերյալ»:
«Հարմոնի» հանրակրթական դպրոցների գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Սոներ Թարինը ի պատասխան ասել է «Հյուսթոն քրոնիքլ»-ին, որ Թուրքիայի կառավարության կողմից իր դպրոցների թիրախավորումը «ապշեցուցիչ է և քաղաքական շարժառիթներ ունի»:
Իսկ մինչ այդ, «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը համանման բողոքներ է ներկայացրել Կալիֆորնիայում Գյուլենի հետ կապված «Մագնոլիա» չարտերային դպրոցների դեմ՝ «կոչ անելով Կալիֆորնիայի կրթության բաժանմունքին՝ չարտերային ցանցի ֆինանսական գործունեության լիարժեք հետաքննություն անցկացնել», հաղորդում է «Հյուսթոն քրոնիքլ»-ը:
Կոնգրեսական Բրեդ Շերմանն իր խիստ նամակում դժգոհել է «Մագնոլիա» չարտերային դպրոցների դեմ Թուրքիայի կառավարության հարձակումներից. «Նախագահ Էրդողանը ժխտումն է այն բոլոր լավ բաների, որ ներկայացնում են ամերիկյան դպրոցները: Նա անձամբ հսկայական վնաս է հասցրել ժողովրդավարությանը Թուրքիայի Հանրապետությունում»: Կոնգրեսական Շերմանը նաև ապրիլի 26-ի իր նամակում գրել է, որ ««Ամստերդամ և գործընկերներ» ընկերությանը վճարել են տարեկան 600 հազար դոլար «Մագնոլիա» հանրակրթական դպրոցներին վարկաբեկելու համար» և որ «տարբեր ժամանակներում նախագահ Էրդողանի կառավարությունն աջակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Հետևաբար, չեմ կարծում, որ ամերիկյան կրթության վերաբերյալ ավելի վատ տեղեկատվական աղբյուր լինի, քան նախագահ Էրդողանն ու նրա վճարովի գործակալները», հաղորդում է «Հյուսթոն քրոնիքլ»-ը:
Թարիմը հայտնել է հյուսթոնյան թերթին, որ, ցավոք, «Թուրքիայի կառավարությունը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում և անթիվ հարձակումներ գործում այդ ամերիկյան դպրոցների վրա, ստիպելով «Հարմոնի»-ին համարժեք պատասխան տալ: Ավելի լավ կլիներ այդ գումարն ու էներգիան ծախսվեր ուսանողների վրա»:
Ամերիկահայերը կարող են հանգիստ շունչ քաշել և մեծ հետաքրքրությամբ հետևել Թուրքիայի կառավարության ու Գյուլենի կազմակերպության միջև ծավալված այս ծախսատար և խայտառակ դատական պայքարին: Թող նրանք իրենց գումարներն ու էներգիան վատնեն միմյանց դեմ պայքարելով, քան ծախսեն դեպի Թուրքիա ամերիկյան պաշտոնյաների ամբողջովին վճարված շռայլ զբոսախնջույքների և Կոնգրեսի անդամների լոբբինգի վրա ընդդեմ հայկական հարցերի...
Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան