Ասպարեզում կին դատապարտյալներն էին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսօր ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է մայիսի 24-ին մեկնարկած մարզական միջոցառման եզրափակիչ փուլը՝ դատապարտյալ կանանց մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում դատապարտյալներն ուժերն են չափել վեց մրցաձևում: Մրցույթի վերջնական արդյունքների ամփոփումից հետո հաղթողներ են դարձել Անի Թադևոսյանը (վազք 30 մետր և հեռացատկ), Քրիստինե Ներսիսյանը (բազկամարտ), Արփինե Ավետյանը (սեղանի թենիս), Արմինե Գրիգորյանը (շաշկի): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Վոլեյբոլի հետաքրքիր խաղ է անցկացվել նաև դատապարտյալ կանանց և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջև, որի արդյունքում հաղթող է ճանաչվել վերջիններիս թիմը:
Միջոցառման ավարտին մասնակիցներին ողջունել և հաղթողներին շնորհավորել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են նախարարության հավաստագրերով, ինչպես նաև Աբովյանի քաղաքապետարանի կողմից սահմանված նվերներով:
Նախարարության կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկին նաև մարզագույք է հատկացվել: