Ջղայնանում էի, որ նախարարությունում ցերեկը լույսը վառ էին թողում. Սերգո Կարապետյան
«2011 թվականից, երբ ես սկսել եմ աշխատել, մեզ մոտ ծախսերը կտրուկ նվազել են», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով կոռուպցիայի մասին հարցերին:
Նա ասաց, որ իր` նախարար նշանակվելուց հետո նախարարությունում սկսել են տնտեսել հոսանքի, ջրի վրա, իսկ գործուղումների ժամանակ էլ ինքն օգտվել է էկոնոմ դասի ծառայություններից:
«Լուրջ խնայողություններ ենք արել հենց առաջին տարվանից սկսած: Տարիների ընթացքում մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ էլ իջեցնելու տեղ էլ չունենք:
Ես 2011 թվականից, երբ սկսել եմ աշխատել, միայն էկոնոմ կլասով եմ գնացել գործուղումների: Ես քանի որ իմ ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, միշտ պայքարել եմ հոսանքի, ջրի ավելորդ ծախսի դեմ: Միշտ պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ եկա նախարարություն, ջղայնանում էի, որ ցերեկը լույսը վառն էին թողում: Ազնվությամբ բան եմ ասում, որը կարող ա ձեզ համար տարօրինակ թվա: Իմ էությամբ ես էդպիսին եմ», -հայտարարեց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա նախարարի պնդմամբ, կոռուպցիոն ռիսկերը իր ղեկավարած ոլորտում «նվազագույնի են հասցված»:
«Էնպես չէ, որ մեզ մոտ կոռուպցիա կա: Մեր համակարգից աշխատողներ կան, հետաքրքրվեք բոլորից», -հավելեց նախարարը:
Հարցին, թե վերանորոգչական աշխատանքներ արդյոք չե՞ն իրականացվել նախարարությունում, Կարապետյանն ասաց, որ դրանք արվել են իր «անձնական միջոցներով»:
«Այդ ծախսերն արել եմ իմ անձնական աշխատավարձի հաշվին, ամբողջ միջանցքում նկարներ եմ փակցրել, իմ գալուց մեկ շաբաթ հետո, եթե հիշում եք, վիճակը լավ չէր», -ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը