Էրդողանը սպառնում է Եվրամիությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է չկատարել Եվրամիության հետ փախստականների վերաբերյալ գործարքով ստանձնած պարտականությունները: Ստամբուլում անցկացվող ՄԱԿ հումանիտար հարցերով գագաթաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը հայտարարել է. «Եթե վիզայի ազատականացում չկատարվի, ապա Թուրքիայի հանրապետության խորհրդարանը ոչ մի որոշում չի կայացնի և օրենք չի ընդունի ռեադմիսիայի վերաբերյալ»:
Deutsche Welle-ի փոխանցմամբ` Էրդողանը հավելել է, որ թուրք նախարարները «կշարունակեն եվրոպացիների հետ բանակցությունները»:
«Եթե դա բերի ինչ-որ արդյունքի, հիանալի կլինի: Եթե ոչ` ափսոս», - նշել է Թուրքիայի ղեկավարը:
Բացի դրանից` Էրդողանն ընդգծել է, որ Անկարան դեռևս չի ստացել Եվրամիության ֆինանսական օգնությունը, որը խոստացվել էր փախստականների հարցում ձեռքբերված համաձայնության շրջանակներում:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն էր ձեռքբերվել` ծովային ճանապարհով անօրինական կերպով Թուրքիայից Հունաստան ժամանած փախստականները պետք է վերադարձվեն Թուրքիա: