Երկու ռեանիմոբիլի շնորհիվ մանկական մահացության ցուցանիշները նվազել է. Արմեն Մինասյան
Նորածինների մեծ մասը վերակենդանացման բաժանմունքներ են տեղափոխվում շնչառական խնդիրներով: Բարձր հաճախականության արհեստական շնչառության սարքի, նաև հատուկ նորածինների տեղափոխման համար ստեղծված երկու ռեանիմոբիլի շնորհիվ Հայաստանում մանկական մահաբերության, մահացության ցուցանիշները նվազել են,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը:
Ամենագնաց շտապ օգնության մեքենաները ստեղծվել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման ծառայության ուժերով: «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բոլոր ծննդատներից «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք, որը միակն է Հայաստանում:
Ա. Մինասյանի խոսքով, նման ամենագնացներ՝ հարմարեցված նորածինների տեղափոխման համար, տարածաշրջանում չկան, այդ ռեանիմոբիլներով տարեկան 700 նորածին են տեղափոխում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք:
«Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար Արմեն Մինասյանին, Հրանտ Կալենտերյանին, Իգոր Նալչաջյանին, Շահանե Գևորգյանին և Մարինե Հովակիմյանին այսօր շնորհվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակը: Մրցանակի հանձնման արարողությունը կայացավ ՀՀ նախագահական նստավայրում: Մրցանակը հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ ցանկանում են ստացած դրամական պարգևը օգտագործել իրենց ծառայության զարգացման համար. «Երևի մի քիչ էլ Բժշկական համալսարանը գումար կավելացնի, և մենք նոր ամենագնաց կգնենք ու մեր ուժերով կսարքեն ռեանիմոբիլ»:
Հարակից հրապարակումներ`
- Միրիամ Զաքի. Հայաստանում կարելի է գտնել կյանքի իմաստը
- Փիթեր Բալաքյան. Հայաստանն իսկական ոգեշնչում է ողջ աշխարհի համար
- Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
- Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է. Սերժ Սարգսյան