Երուսաղեմի բնակիչներին տարհանում են անտառային հրդեհների պատճառով
Երուսաղեմի ծայրամասերում ուժեղ անտառային հրդեհներ են բռկվել, ինչը ստիպել է Իսրայելի իշխանությանը տարհանել հարյուրավոր բնակիչների, -գրում է Rosbalt.ru-ն:
Հրդեհը բռնկվել է քաղաքի Ռամոտ և Գիլո շրջաններում: Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները մտավախություն ունեն, որ քամու պատճառով կրակը կարող է հասնել տներին:
Ոստիկանությունը հայտարարել է, որ հրդեհի հետևանքով Ռամոտ շրջանում սկսվել է մարդկանց տահանում։ Նմանատիպ միջոցառումներ են սկսվել նաև հարևան Մեվասերետ-Ցիոն փոքրիկ քաղաքում, որին նույնպես հրդեհ է սպառնում: Իսկ Գիլոյում տարհանվել են երկու բնակարանների բնակիչները: «Ichud ha Tsalah» կամավորական փրկարարական կազմակերպությունը հայտնել է, որ ժամանակավոր վերաբնակեցրել են հարյուրավոր մարդկանց:
Աղբյուրը գրում է, որ ցամաքային ուժերի հետ միասին կրակի դեմ պայքարում են մի քանի ինքնաթիռներ: Լրատվամիջոցներն էլ ենթադրում են, որ հրդեհների պատճառ կարող էին դառնալ խարույկները, որոնք իսրայելցիները ավանդաբար վառում են Լագ բա-Օմեր հրեական տոնի ժամանակ: