Ֆինանսական միջոցներ՝ Լոռու և Տավուշի մի քանի համայնքների խնդիրների լուծման համար
Լոռու և Տավուշի մարզի մի քանի համայնքների խնդիրների լուծման նպատակով կառավարությունը հատկացրեց անհրաժեշտ միջոցներ: Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին այցելել էր Տավուշի և Լոռու մարզեր, որտեղ կառավարության ղեկավարին էին ներկայացվել առանջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
Մասնավորապես, Թումանյան համայնքում օրինակ անմխիթար վիճակում է գտնվում մանկապարտեզի շենքը, որտեղ հաճախում է 60 երեխա, քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը նույնպես վերանորոգման կարիք ունի:
«Այսօր հատկացվող 23,5 մլն դրամով մարզի այս խնդիիրները լուծում կստանան»,- ասաց Դ.Լոքյանը:
Անմխիթար վիճակում է գտնվում նաև Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցը: Տավուշի մարզի Ջուջևան համայնքում էլ անհրաժեշտ է կառուցել 2,7 կմ արտաքին ցանցի խողովակաշար, Ոսկեվան համայնքում էլ ճանապարհների ասֆալտապատման անհրաժեշտություն կա: Վերը նշված խնդիրների լուծման համար Տավուշի մարզպետարանին կտրամադրվի ավելի քան 30 մլն դրամ: