Փիթեր Բալաքյան. Հայաստանն իսկական ոգեշնչում է ողջ աշխարհի համար
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակը շնորհվեց ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար:
Մրցանակը ստանալուց հետո իր ելույթում նա նախ հիշեց իր մեծ պապին՝ Գրիգորիս Բալաքյանին.
«Իմ մեծ պապը այն 250 մշակութային գործիչներից էր, ում 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալեցին Կոստանդնուպոլում: Նա իրեն հայտնաբերեց մահվան երթում՝ տեսավ տառապանք, սով, հարյուր հազարավոր իր հայրենակիցների սպանություններ: Դիմացավ իր քրիստոնեական հավատքով: Նա հավատում էր, որ Ցեղասպանությունից հետո նոր անկախ Հայաստան կծնվի, կդառնա իսկական Հայրենիք: Նրա երազանքն իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության տեսքով: Այսօր այն իսկական մի լույս է»:
Խոսելով հայ ժողովրդի անցած պատմության մասին՝ նախ նշեց, որ հնագույն քաղաքակրթություն և դարավոր պատմութուն ունի, ապա ընդգծեց, որ հայերը դիմագրավել, դիմացել, հաղթահարել են շատ դժվարություններ. «Հայ ժողովուրդը պահպանեց իր մշակութային ինքնությունը, զարգացավ իր հարուստ մշակույթով, տարբեր շերտերով, հարուստ ռեսուրսներով, հարուստ լեզվով ու գրականությամբ, ճարտարապետությամբ ու եկեղեցաշինությամբ, մաթեմատիկայի, ֆիզիկայի, հումանիտար գիտություններում ձեռքբերումներով»:
Փիթեր Բալաքյանն ընդգծեց, որ Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի զինվորական ոգին օգնել է, որպեսզի հայ ազգի դիմադրի ցեղասպանությանը, մասնակցի Սարդարապատին, Արցախյան հերոսամարտին:
Ամերիկահայ գրողի խոսքով, չնայած չի տիրապետում հայոց լեզվին, բայց ներծծել է հայկական մշակույթի առաձնահատկությունները, զգում է հայկական եկեղեցիները, խաչքարերը, պատարագը, որ հնչում է ամեն կիրակի:
«Հայկական ընտանեկան արժեքները հարստացնում են հայ ժողովրդին: Եղել եմ տարբեր երկրների հայկական համայնքներում: Նրանք իրենց ներդրումն ունեն համաշխարհային մշակութային կյանքում: Որտեղ հայեր կան, մասնակցում են այդ երկրի հասարակական կյանքին, նպաստում այդ երկրի զարգացմանը: Մենք զարգանում ենք մեր սեփական պատմության շուրջ որպես համաշխարհային մշակույթի մաս: Եզակի մշակույթ ունենք: Դա մեր ամենամեծ ձեռքբերումն է»,- ասաց Փիթեր Բալաքյանը:
Նա նշեց, որ հայ ժողովուրդն այսօր էլ պայքար է մղում իր ներքին ու արտաքին խնդիրները լուծելու համար:
«Հայաստանի Հանրապետությունն իսկական ոգեշնչում է ամբողջ աշխարհի համար»,- ասաց ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը:
Նշենք, որ 1998-ին Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյանի կողմից՝ հրատարակվելով 2004 թ.) ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»։ 2010 թ. հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։
Փիթեր Բալաքյանը իր գրչընկերոջ՝ Արիկ Սևակի հետ անգլերենի է թարգմանել ու հրատարակել է իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը : Այս տարի նա «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար «Պոեզիա» անվանակարգում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
- Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է. Սերժ Սարգսյան