Բարձրանում է Սևանա լճի մակարդակը
Այս տարվա մայիսի 23-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա, որը 14 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով, Սևանա լճի մակարդակը հետզհետե մոտենում է 1962 թվականի նիշին, երբ այն գտնվել է ծովի մակերևույթից 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Սևանա լիճը 1961 թվականին ծովի մակերևույթից գտնվել է 1902 մետր բարձրության վրա, իսկ դրան հաջորդած տարում Սևանն իջել է ավելի քան 1 մետր 20 սանտիմետրով:
Լճի մակարդակի անկումը շարունակվել է դրան հաջորդած բոլոր տարիների ընթացքում՝ մինչև 1980-ական թվականները՝ Արփա-Սևան թունելային ջրատարի շահագործումը:
«Սևանա լճի մակարդակի հերթական անկման փուլը սկսվել է 1990-ական թվականներից՝ Հայաստանի տնտեսական շրջափակման և էներգետիկ ճգնաժամի տարիներին և շարունակվել մինչև 2003 թվականը: Անցած 13 տարիների ընթացքում Սևանը շարունակաբար բարձրացել է ավելի քան 3,5 մետրով: Այժմ Արփա-Սևան թունելային ջրատարով օրական 1 միլիոն 115 հազար խորանարդ մետր ջուր է տեղափոխվում Սևան, լիճ թափվող գետերը ևս ավելացրել են իրենց ելքերը, դրանց էլ գումարվում են առատ տեղումները:
Այնպես որ, կան նախադրյալներ, որ մինչև Սևանից ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումները Սևանի մակարդակը հավասարվի 1962 թվականի նիշին»,-հավաստել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Մարտին Պետրոսյանը:
Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարի Սևանա լիճ է տեղափոխվել 58 միլիոն խորանարդ մետր ջուր: Եվս 11 միլիոն խորանարդ մետր ջուր մուտք է եղել ստորերկրյա հոսքի շնորհիվ: