Արտակ Գրիգորյան. Արցախում զբոսաշրջիկների անվտանգությունն երաշխավորված է
Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ զարգացումներ տեղի կունենան Արցախի Հանրապետության տուրիզմի ոլորտում: Ինչո՞վ կարող է զարմացնել Արցախն արտասահմանցի զբոսաշրջիկին:
Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանի հետ:
Panorama.am.- Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս կանդրադառնա Արցախի տուրզիմի ոլորտի վրա:
Արտակ Գրիգորյան. -Բնական է, որ ցանկացած կոնֆլիկտ բացասական է ազդում տվյալ զբոսաշրջային ուղղության իմիջի վրա: Եվ մեր տարածաշրջանը ևս բացառություն չէ: Ադրբեջանի կողմից սանձասերծված ռազմական գործողությունների արդյունքում զբոսաշրջության առումով տուժել է ոչ միայն Արցախը, այլ ամբողջ տարածաշրջանը: Սակայն հարկ է հաշվի առնել, որ ԼՂՀ զբոսաշրջային ներուժը լավագույնս օգտագործելու և զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու հեռանկարներ են բացվում: Եվ այստեղ կարևոր է տեղեկատվական բացասական ֆոնի վրա որոշակիորեն ներգործելու միջոցով ձևավորել նաև բարենպաստ զբոսաշրջային նկարագիր:
Օրինակ՝ բոլորովին վերջերս Արցախի վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է յուրահատուկ ֆլեշմոբ, որի էությունն է Արցախի զբոսաշրջավայրերում, կամ խորհրդանիշների հետ, լուսանկարի տեղադրումը սոցցանցերում #ԵկԱրցախ թեգով:
Այն Արցախ այցելելու յուրահատուկ հրավեր, կանչ է օգտատիրոջ կողմից իր նախընտրած ընկերներին, կամ հանրությանը: Սա ևս մի յուրահատուկ ձև է օտարերկրացիներին ու, առավել ևս, մեր հայրենակիցներին Արցախ հրավիրելու:
Panorama.am.-Ի՞նչ միտումներ են նկատելի այս պահին:
Արտակ Գրիգորյան.-Նախնական տվյալներով՝ հյուրանոցների զբաղվածությունն ընկել է նախորդ տարիների համեմատ, բայց կարծում եմ այդ անկումը վերահսկելի չափերով է: Դեռ վաղ է որևէ գնահատական տալու համար, քանի որ զբոսաշրջային սեզոնը նոր է սկսվել Արցախում:
Panorama.am.-Արցախում հանգստանալ նախատեսած զբոսաշրջիկներին, ովքեր հետ են կանգնում այդ մտքից, ի՞նչ կարող եք ասել:
Արտակ Գրիգորյան.- Ցանկացած զբոսաշրջիկի համար կարևորագույն խնդիր է անվտանգությունը: Որքան էլ տվյալ զբոսաշրջային ուղղությունը գրավիչ լինի, այն հեռու է մնալու զբոսաշրջային երթուղիներից, եթե ապահովված չլինի տարրական անվտանգության կանոններով: Սակայն ես, որպես զբոսաշրջության ոլորտի պաշտոնյա, կարող եմ հավաստիացնել, որ Արցախում զբոսաշրջիկների անվտանգությունն երաշխավորված է, և դա ոչ միայն խոսքեր են, այլև տարիներով ապացուցված փաստ:
Panorama.am.-Արտասահմանցի զբոսաշրջիկներին ինչո՞վ կարող է զարմացնել Արցախը:
Արտակ Գրիգորյան. -Բացի հայտնի մշակութային և հոգևոր կենտրոններից , յուրահատուկ խոհանոցից ու բացառիկ բնությունից Արցախն ունի ևս մեկ յուրահատկություն, որը բնորոշ է միայն Արցախին: Դա արցախյան գյուղն է իր բնակիչներով, գեղեցիկ գողտրիկ փողոցներով ու ինքնատիպ ապրելաձևով: Երբ զբոսաշրջիկներին նույն հարց տալիս ենք, գրեթե միշտ նույն պատասխանն ենք լսում. Արցախը գրավում է իր բնակիչներով:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին տարիներին Արցախում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ
- Արցախը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական պատկանելիությունից. Սերգեյ Շահվերդյան
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- Օտարերկրացիներն Արցախ ավելի շատ են գնում ու ավելի երկար մնում
- TTG. Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները՝ Իտալիայի խոշորագույն ցուցահանդեսում
- Արցախ. Տարեցտարի ավելացող զբոսաշրջիկների թվի ու մուտքի արտոնագրի ստացման մեխանիզմների մասին(լուսանկարներ)
- Սերգեյ Շահվերդյան. Էթնոզբոսաշրջությունն Արցախում ամենամեծ ապագա ունեցող ճյուղերից է
- Սերգեյ Շահվերդյան. Մեծանում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը ԼՂՀ-ի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան